Բավ է պառակտվել
02-05-2019 16:11

Գլոբալ տաքացումն արդեն ազդել է Հայաստանի վրա

Գլոբալ տաքացումն արդեն իր ազդեցությունը թողել է Հայաստանի վրա, սակայն ոռոգման սեզոնի հետ կապված խնդիրներ չպետք է առաջանան, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նա նշել է, որ մինչև 2030, 2070 և 2100 թվականները գլոբալ տաքացման մի քանի կանխատեսումներ կան, որոնց հանաձայն, օրինակ՝ մինչև 2030 թվականը Հայաստանում գետային հոսքը կկրճատվի 11 տոկոսով, իսկ մյուս ուսումնասիրությունների համաձայն սպասվում է նաև տեղումների նվազում մայիս-հոկտեմբեր ամիսներին:

Միևնույն ժամանակ, Գրիգորյանն ասել է, որ հաշվի առնելով Սև և Կասպից ծովերից գոլորշիացման ավելացումը, Հայաստանում հնարավոր են ջրհեղեղներ և եղանակային այլ երևույթներ: Այս առումով նախարարը մատնանշել է ջրամբարների կառուցման կարևորությունը, հաշվի առնելով տեղումների նվազումը և Հայաստանի խոցելիությունը՝ ռելիեֆի և ենթակառուցվածքի համատեքստում:

“Այսօր Հայաստանը տարածաշրջանում խոցելիության առումով զբաղեցնում է 4-րդ տեղը, և արդեն մեկնարկել է ազգային գործողությունների ծրագիրը, որը բոլոր նախարարությունները պետք է ակտիվորեն իրագործեն՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունները։ Ջերմաստիճանը Հայաստանում 1960 թ. համեմատ արդեն բարձրացել է 1,23 աստիճանով, ինչը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների”, - ասել է Գրիգորյանը:

Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տվյալ համատեքստում հատկապես կարևորվում է կառավարության կողմից առաջարկվող ջրամբարների վերականգնման և կաթիլային ոռոգման համակարգի ծրագիրը:

“Այսօր կարելի է ասել, որ անցյալ տարվա համեմատ մենք ամենուրեք ունենք զգալի ջրային պաշարներ; Առանձնահատկությունն այն է, որ ջրամբարների լցվելու գործընթացը դեռ շարունակվում է։ Լեռներում դեռևս ձյուն կա, և մեր խնդիրն է լինելու գյուղացիներին ջրով ապահովելն”, - ասել է Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ եթե գլոբալ կլիմայական փոփոխությունների դրսևորումներն Հայաստանում լինեն այս տարվա նման, ապա սա այն բացառիկ դեպքն է, երբ կարելի է ասել, որ “երկրի բախտը բերել է”։