Բավ է պառակտվել
31-05-2020 13:36

ԱՄՆ քաղաքներում ցույցեր են Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ (լուսանկարներ)

 

ԱՄՆ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև Մինեապոլիսում անզեն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ: Ֆլոյդի մահվան հետ կապված աշխատանքից ազատված չորս նախկին ոստիկաններից մեկը նախօրեին ձերբակալվել է: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են դատի տալ մնացածներին:

Իշխանությունները հայտնել են, որ Դերեկ Շովինը կալանավորվել է: Հենց նա է կիրառել խեղդելու հնարքը Ֆլոյդի նկատմամբ (ծունկը դրել է պարանոցին), որից հետո վերջինս մահացել է:

Շովինը մեղադրվում է երրորդ կարգի սպանության մեջ (չկանխամտածված սպանություն՝ ուժի գործածման հետ կապված): Մինեսոտա նահանգի օրենքներով այս հանցագործության համար նախատեսվում է մինչև 25 տարվա ազատազրկում: Եվս երեք ոստիկանի նկատմամբ քննությունը շարունակվում է:

Սակայն սրա արդյունքում բողոքի ցույցերը չեն դադարել: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Վաշինգտոնում Սպիտակ տան մոտակայքում, որն ուրբաթ օրը կարճ ժամանակով արգելափակվել էր: Նրանք արդարություն են պահանջել՝ կապված 46-ամյա Ֆլոյդի մահվան հետ: Թափահարելով նրա լուսանկարները, ներկաները վանկարկել են. “Չեմ կարող շնչել”: Սրանք եղել են Ֆլոյդի վերջին խոսքերը:

 

Ցույցերը տեղի են ունեցել բազմաթիվ նահանգներում: Ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախումներ են տեղի ունեցել Լոս Անջելեսում, Չիկագոյում, Դենվերում, Հյուսթոնում, Լուիսվիլում, Ֆենիքսում, Կոլումբուսում և Մեմֆիսում:

Լոս Անջելեսի իշխանությունները բոլոր հավաքները քաղաքի կենտրոնում հայտարարել են անօրինական և հորդորել բնակիչներին մնալ տանը:

Ատլանտայում ցուցարարները ավերել են շենքերը և հրկիզել ոստիկանության մեքենաններ CNN-ի գլխամասային գրասենյակի մոտակայքում:

Մի քանի ժամ տևած խաղաղ բողոքի ցույցերից հետո Ատլանտա քաղաքի կենտրոնում որոշ ցուցարարներ անսպասելի դիմել են բռնի գործողությունների, ջարդել ոստիկանական մեքենաներ, հրկիզել դրանցից մեկը և ներկել հեռուստաընկերության լոգոտիպը մուտքի մոտ (տե՛ս թվիթը), գրում է Associated Press- ը: Հավաքվածները նաև շշեր են նետել ոստիկանների վրա ՝ վանկարկելով ՝ “թող աշխատանքդ”:

Ըստ Ատլանտայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի՝ տուժել է առնվազն երեք ոստիկան: Մի քանի մարդ ձերբակալվել է:

Ջորջիայի նահանգապետ Բրայան Քեմպը հայտնել է, որ քաղաքապետ Քեյշա Բոթոմսի խնդրանքով ինքն արտակարգ դրություն է հայտարարում Ֆուլթոն շրջանում, որի կազմում է Ատլանտան, որպեսզի կարողանա ազգային գվարդիայի մինչև 500 մարտիկ մտցնել նահանգ մարդկանց և ունեցվածքը պաշտպանելու համար:

Դալասում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների կողմից քարկոծվելուց հետո։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սարսափելի է անվանել Ֆլոյդի մահը: Նա հայտնել է, որ զրուցել է հանգուցյալի ընտանիքի հետ՝ նրանց անվանելով “ցնցող մարդիկ”:

ԱՄՆ-ի քաղաքներում բողոքի ցույցերը հաջորդել են Մինեապոլիսում մի քանի օր շարունակվող թալանին և հրկիզումներին: Երեքշաբթի օրը հարյուրավոր մարդիկ հավաքվել են այն խաչմերուկի մոտ, որտեղ մահացել էր Ֆլոյդը: Ուրբաթ երեկոյան, Մինեապոլիսում ընթացող բողոքի ցույցերի երրորդ գիշերը հրկիզվել է ոստիկանության բաժանմունքը։

Դրանից հետո Թրամփը գրել էր թվիթերում, որ եթե Մինեապոլիսում չդադարեն անկարգությունները, նա կարող է ազգային գվարդիա ուղարկել այնտեղ։ “Երբ սկսվում է թալանը՝ սկսվում են կրակոցները”։ Թվիթը չէր հեռացվել, սակայն թաքցվել էր և փոխարինվել “Այս թվիթը խախտում է բռնության գովանբանման վերաբերյալ Թվիթերի կանոնները”։

 

Ուրբաթ կեսօրին, անկարգությունների ժամանակ, ձերբակալվել են CNN- ի լրագրող Օմար Խիմենեզը (նույնպես աֆրոամերիկացի), ինչպես նաև նրա նկարահանող խմբի անդամները: Նրանք ուղիղ եթերում պատմում էին քաղաքում տեղի ունեցող անկարգություններ մասին։

Չնայած սպանության մեջ մեղադրվում է Շովինը, ցուցարարները պահանջում են, որ Ֆլոյդի մահվան հետ առնչվող մյուս սպաները նույնպես դատարանի առջև կանգնեն։

Հենեփին շրջանի դատախազ Մայկ Ֆրիմանը հայտնել է, որ “սպասում է նրանց դեմ մեղադրանքներին”, բայց չի նշել, թե ինչպիսի: Նա ասել է, որ սպանության մեջ կասկածվող Շովինի նկատմամբ գործողությունները ձեռնարկվել են ապացույցներ ստանալուց անմիջապես հետո:

Իր հերթին, ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել է, որ Արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն իրականացնում են իրենց սեփական հետաքննությունը “պարզելու, արդյոք խախտվել են քաղաքացիական իրավունքների մասին դաշնային օրենքները”: Միևնույն ժամանակ, Բարը Ֆլոյդի կալանավորման տեսանյութն անվանել է “սարսափելի” և “ծայրաստիճան ցնցող”:

Մայիսի 25-ին կեղծ թղթադրամների օգտագործման մասին տեղեկություններ ստուգող ոստիկանները կանգնեցրել են Ֆլոյդի ավտոմեքենան։ Նրան հրամայել են հեռու կանգնել մեքենայից, ըստ ոստիկանների՝ նա դիմադրություն է ցուցաբերել։ Սպաների մոտ առկա տեսախցիկները միացված են եղել, սակայն ձայնագրությունները առգրավվել են հետաքննության համար:

“Սպաներին հաջողվել է ձեռնաշղթա հագցնել կասկածյալի վրա, որից հետո նկատել են, որ նա իրեն վատ է զգում”, - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Համացանցում հրապարակված տեսանյութն սկսվում է արդեն այն պահից, երբ սպիտակ ոստիկանը դիմում է խեղդելու հնարքին՝ ծնկով սեղմելով ձերբակալվածի պարանոցը: Ականատեսներից մեկի կողմից արված տեսանյութում լսելի է, որ գետնին պառկած Ֆլոյդը կրկնում էր․ “Խեղդվում եմ, խեղդվում եմ”։