Բավ է պառակտվել
27-06-2018 18:40

Համաձայնեցվել են Պուտին ֊ Թրամփ առաջիկա հանդիպման վայրը և ժամկետները

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնեցրել են նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման վայրն ու ժամկետները, մանրամասները կհրապարակվեն վաղը: Այս մասին Կրեմլը հայտարարել է նախագահ Պուտինի և ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի միջև կայացած հանդիպումից հետո:

Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովի խոսքով, Թրամփ - Պուտին բանակցությունները տեղի կունենան երրորդ երկրի տարածքում, այն նախապատրաստելու համար կպահանջվի մի քանի շաբաթ:

Ավելի վաղ՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպումից առաջ, Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, թե Մոսկվան երբեք չի ձգտել առճակատման Վաշինգտոնի հետ և հույս հայտնել, թե «կողմերը կարող են առաջին քայլերն անել երկկողմ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»:

Մինչ այս Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը երկու հանդիպում են ունեցել միջազգային գագաթնաժողովների շրջանակներում և 8 հեռախոսազրույց: