Բավ է պառակտվել
04-10-2022 17:10

Իլոն Մասկը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կնքման պայմաններ է առաջարկել

Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կարծիք է հայտնել, թե, ամենայն հավանականությամբ, ինչ պայմաններով Ռուսաստանը և Ուկրաինան, հաշտություն կկնքեն։ Հոկտեմբերի 3-ին նա Twitter-ում մի քանի գրառում է կատարել այդ մասին։ Մասկը նշել է հնարավոր զինադադարի չորս հիմնական պարամետր.

Ուկրաինայի օկուպացված տարածքներում նոր քվեարկություն անցկացնել ՄԱԿ-ի հսկողության ներքո. «Ռուսաստանը հեռանում է, եթե դա լինի ժողովրդի կամքը»,- ասել է Մասկը։
Ղրիմը «Ռուսաստանի մաս է կազմում, ինչպես եղել է 1783 թվականից՝ մինչև Խրուշչովի սխալը»։
Երաշխավորվում է Ղրիմի ջրամատակարարումը։
Ուկրաինան մնում է չեզոք պետություն.

Այս թվիթին Մասկը քքվեարկության հնարավորություն է ավելացրել՝ խնդրելով իր ավելի քան 100 միլիոն հետևորդներին աջակցել կամ մերժել այս սցենարը։ Առաջին րոպեներին օգտատերերի ավելի քան 50%-ը քվեարկել է «այո»։ Այս նյութի հրապարակման պահին քվեարկությանը մասնակցել է ավելի քան երկու միլիոն օգտատեր, և 60%-ը պատասխանել է «ոչ»։

Մասկը կարծում է, որ նման սցենարի հավանականությունը շատ մեծ է. «Միակ հարցն այն է, թե մինչ այդ քանի մարդ կզոհվի»։ «Հարկ է նաև նշել, որ այս հակամարտության հնարավոր, թեև քիչ հավանական արդյունքը միջուկային պատերազմն է»,- հավելել է գործարարը։ Հրապարակումից անմիջապես հետո նա հայտարարեց «բոտերի հզոր հարձակման մասին»։

Երկու ժամ անց Մասկը ևս մեկ քվեարկությունն է սկսել։ «Եկեք փորձենք այսպես. Դոնբասում և Ղրիմում ապրող մարդկանց կամքը պետք է որոշի՝ լինել Ռուսաստանի, թե Ուկրաինայի կազմում»,- գրել է նա Twitter-ում։ Այս նյութի հրապարակման պահին քվեարկել է գրեթե երկու միլիոն օգտատեր, նրանցից 58%-ն ընտրել է «այո» տարբերակը։

Մասկը նշել է, որ Ղրիմին սպառնացող ռազմական սպառնալիքը կհանգեցնի բազմաթիվ զոհերի երկու կողմերից։ Այսպես է նա արձագանքել այն հաղորդագրությանը, որ իր հարցումներով զայրացնում է ուկրաինացիներին: «Ռուսաստանը մասնակի մոբիլիզացիա է իրականացնում. Այն կանցնի ամբողջական ռազմական մոբիլիզացման, եթե Ղրիմին վտանգ սպառնի։ Երկու կողմից էլ մահը կործանարար կլինի։ Ռուսաստանի բնակչությունը երեք անգամ գերազանցում է Ուկրաինայի բնակչությունը, ուստի համապարփակ պատերազմում Ուկրաինայի հաղթանակը քիչ հավանական է: Եթե ​​դուք մտածում եք Ուկրաինայի ժողովրդի մասին, ապա խաղաղություն փնտրեք»,- գրել է Մասկը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան Մասկի հայտարարությունների, նույնպես քվեարկություն է անցկացրել Twitter-ում։ Նա օգտատերերին հարցրել է, թե որ Իլոն Մասկն է ավելի շատ մարդկանց դուր գալիս՝ «Նա, ով աջակցում է Ուկրաինային», թե «Նա, ով աջակցում է Ռուսաստանին»: Քվեարկած 1,9 միլիոնից ավելի քան 80%-ն ընտրել է Մասկին, ով աջակցում է Ուկրաինային։

Իլոն Մասկը պատասխանել է Զելենսկուն Twitter-ում. «Ես դեռ ակտիվորեն աջակցում եմ Ուկրաինային, բայց համոզված եմ, որ պատերազմի լայնածավալ էսկալացիան մեծ վնաս կհասցնի Ուկրաինային և, հնարավոր է, ողջ աշխարհին»,- գրել է գործարարը։

Մեկ այլ թվիթում Մասկը գրել է, որ 2022 թվականի փետրվարից SpaceX-ը մոտ 80 միլիոն դոլար է ծախսել Ուկրաինայում իր Starlink ինտերնետային ցանցը գործարկելու և պահպանելու համար։ «Մեր աջակցությունը Ռուսաստանին զրոյական դոլար է։ Ակնհայտ է, որ մենք կողմ ենք Ուկրաինային։ Ղրիմը հետ գրավելու փորձը կհանգեցնի մարդկային զանգվածային կորուստների, հավանական է՝ ձախողվի և հղի է միջուկային պատերազմով: Դա սարսափելի կլիներ Ուկրաինայի և Երկրի համար»,- ասել է Մասկը։

Ուկրաինայի ներկայացուցիչները կոշտ քննադատության են ենթարկել Իլոն Մասկին. Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ մարդիկ, ովքեր «Ուկրաինային առաջարկում են հրաժարվել իր ժողովրդից և հողից», պետք է դադարեն օգտագործել «խաղաղություն» բառը որպես էվֆեմիզմ՝ «թույլ տալու ռուսներին սպանել և բռնաբարել հազարավոր անմեղ ուկրաինացիների և ավելի շատ տարածքներ զավթել»:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ասել է, որ Մասկն իրեն զայրացրել է «Պուտինին մի քիչ Հայրենիք նվիրելու առաջարկով»։ Զելենսկու գրասենյակի ղեկավարի մեկ այլ խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Մասկը «փորձում է օրինականացնել կեղծ հանրաքվեները, որոնք անցկացվել են զենքի սպառնալիքով»։ Մասկը պատասխանել է, որ առաջարկում է քվեարկել ՄԱԿ-ի կամ Ուկրաինայի ընտրությամբ ցանկացած կազմակերպության ու երկրի հսկողության ներքո։ Նա սեպտեմբերին տեղի ունեցած «հանրաքվեներն» անվանել է «կասկածելի»։

Միխայիլ Պոդոլյակը նաև առաջարկել է Մասկին «ավելի լավ խաղաղության ծրագիր», ըստ որի՝ Ուկրաինան ազատում է իր տարածքները, ներառյալ բռնակցված Ղրիմը, Ռուսաստանը ենթարկվում է «ապառազմականացման և ապամիջուկայնացման», իսկ ռազմական հանցագործները հանձնվում են միջազգային տրիբունալ։ Պոդոլյակը կարծում է, որ Մասկը Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարություններն արել է, որպեսզի շեղի ուշադրությունը Tesla-ի բացասական եռամսյակային հաշվետվության քննարկումից (դրա հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերը 8%-ով ընկել են)։