Բավ է պառակտվել
30-04-2019 13:18

Ճապոնիայի կայսրը հրաժարվել է գահից

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն երեքշաբթի հայտարարել է հանգստի գնալու իր մտադրության մասին և երախտագիտություն հայտնել երկրի ժողովրդին 30 տարուց ավել իրեն աջակցելու և երկրի խորհրդանիշ ճանաչելու համար։ Միապետն այդ խոսքերն ուղղել է երկրի բնակչությանն ազգային հեռուսատալիքներով հեռարձակվող գահից հրաժարվելու արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել կայսերական պալատի “Սոճիների սրահում”, որին մասնակցել է շուրջ 300 մարդ, այդ թվում՝ կայսրուհի Միտիկոն և կալսերական ընտանիքի անդամները, վարչապետ Սինձո Աբեն ու կաբինետի անդամները, խորհրդարանի երկու պալատի ղեկավարները, գերագույն դատարանի դատավորները, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրության ներկայացուցիչները։

”Սրտանց շնորհակալ եմ իմ ժողովրդին ինձ՝ որպես երկրի խորհրդանիշ ճանաչելու և աջակցելու համար,- ասել է Ակիհիտոն։- Ես երջանիկ եմ, որ կարողացել եմ կատարել կայսրի իմ բոլոր պարտականությունները, խորը վստահություն և սեր տածելով մեր ժողովրդի նկատմամբ”։ Կայսրը նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Ճապոնիայում կտիրի խաղաղություն և բարգավաճում։

Արարողության ժամանակ երկրի վարչապետ Սինձո Աբեն՝ ելույթ ունենալով երկրի քաղաքացիների անունից, շնորհակալություն է հայտնել կայսրին այն բանի համար, որ նա միշտ եղել է ժողովրդին կողքին և աշխատել հանուն ազգի բարօրության։

“Նորին մեծությունը հատուկ օրենքի համաձայն այսօր վայր է դնում իր լիազորությունները։ Մենք հիշում ենք, թե ինչպես են Նորին մեծություն կայսրն ու կայսրուհին 30 տարի շարունակ եղել ժողովրդի կողքին: Օգտագործելով այս առիթը, կցանկանայի խորը երախտագիտություն հայտնել կայսր Ակիհիտոյին և կայսրուհի Միտիկոյին”, - նշվել է հայտարարությունում, որն ավելի վաղ NHK հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ընթերցել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

Արարողությունն անցկացնելու համար “Սոճիների սրահ” են բերվել պետական և կայսրի անձնական կնիքները՝ պատյաններով, ինչպես նաև միապետական իշխանության խորհրդանիշներ հանդիսացող սրբազան թուրն ու թանկարժեք ջասման։ Երրորդ սրբազան իրը՝ մետաղական հայելին, պահվում է այն տաճարում, որտեղ խորհրդանշականորեն բնակվում է Արևի աստվածուհի Ամատերասուն՝ ճապոնացի միապետների տոհմի նախամայրը։

Հանգստի գնալը

85-ամյա Ակիհիտոն տարեց լինելու պատճառով հանգստի գնալու իր մտադրության մասին հայտնել է դեռևս 2016 թվականին։ Օրենքի համաձայն միապետը պետք է գահավարի ցմահ, սակայն Ակիհիտոյի համար արվել է հատուկ բացառություն խորհրդարանի կողմից ընդունված մեկանգամյա անհատական օրենքի տեսքով։
86-
Ակհիտոն իր լիազորությունները կպահպանի մինչև ապրիլի 30-ի վերջին րոպեն։ Հաջորդ օրը ծագելուն պես կայսր կհռչակվի Ակիհիտոյի ավագ որդին՝ 59-ամյա գահաժառանգ արքայազն Նարուհիտոն։