Բավ է պառակտվել
23-11-2021 18:28

Իրանն ու Վրաստանը քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի նախագիծը։ Հայաստանը նույնպես շահագրգռված է դրանում

Իրանն ու Վրաստանը բանակցություններ են վարում տրանսպորտային խնդիրները լուծելու և «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումն արագացնելու շուրջ, գրում է irna պորտալը։

Ըստ հրապարակման՝ Իրանի «Ճանապարհների և տրանսպորտի կազմակերպության» գլխավոր տնօրեն Ջավադ Խեդայաթին ասել է, որ Իրանի և Վրաստանի ներկայացուցիչներն անցած ամիս երկօրյա հանդիպում են անցկացրել այս հարցի շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են սահմանային և տրանսպորտային խնդիրները, նշվել է Պարսից ծոց-Սև ծով միջանցքի համաձայնագրի իրագործման արագացման և երկու երկրների ծովային նավահանգիստների փոխադարձ օգտագործման անհրաժեշտությունը։

Կողմերը պայմանավորվել են փոխադարձ աջակցություն ցուցաբերել տրանսպորտային համաձայնագրերին և միություններին երկու երկրների անդամակցության հարցում, ինչպես նաև համաձայնեցրել Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի և Իրանի ներկայացուցիչների հաջորդ վեցակողմ հանդիպման թեման։

Ըստ Հեդայաթիի, այս քննարկումները կարևոր նշանակություն ունեն տրանսպորտի և առևտրի խնդիրների լուծման, ինչպես նաև աշխատանքներում անճշտությունների ու խոչընդոտների վերացման համար:

Նա հատկապես անդրադարձել է Իրանի և Վրաստանի միջև վերջին 30 տարվա ընթացքում ստորագրված միջազգային տրանսպորտային համաձայնագրերին` անվանելով դա տարածաշրջանային տրանսպորտի ոլորտում համագործակցության և գործընկերության հաջող օրինակ։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հաստատել էր «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին մասնակցելու Երևանի շահագրգռվածությունը։ Նրա խոսքով, այս նախագծի շուրջ քննարկումներ են ընթանում Իրանի և Հնդկաստանի հետ։