Բավ է պառակտվել
06-01-2020 12:36

Իրանը հայտարարել է ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին

Իրանը պատրաստվում է հարվածներ հասցնել ամերիկյան ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) “Ալ-Ղուդս” հատուկ նշանակության ջոկատի հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը: Նման հայտարարությամբ կիրակի օրը CNN- ի եթերում հանդես է եկել Իրանի բարձրագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի խորհրդական Հոսեյն Դեհգանը։

“Պատերազմը սկսել է Ամերիկան։ Ոստի նրանք պետք է պատրաստ լինեն իրենց գործողություններին պատշաճ արձագանքին։ Միակ բանը, որը կարող է ավարտել պատերազմի այս շրջանը, դա ամերիկացիներին իրենց հարվածին համարժեք հարված հասցնելն է”- մեջբերել է նրա խոսքերը CNN-ն՝ անգլերեն թարգմանությամբ։

“Պատասխանն, անշուշտ, կլինի ռազմական և ուղղված կլինի ռազմական օբյեկտների դեմ”,- ընդգծել է Իրանի ղեկավարի խորհրդականը։ Միաժամանակ, նա նշել է, որ Իրանի ղեկավարությունը “երբևիցե չի ձգտել և չի ձգտի պատերազմի”։

Ուրբաթ օրը Պենտագոնը հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփի հրամանով Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ավտոշարասյան հրթիռակոծման մասին, որի հետևանքով զոհվել էր Սուլեյմանին։ Ամերիկյան վարչակազմի վարկածով, գործողությունը պաշտպանական բնույթ է կրել, քանի որ այն ուղղված է եղել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ զինվորականների պաշտպանությանը: