Բավ է պառակտվել
16-04-2021 14:37

Իրանը հայտարարել է մինչեւ 60 տոկոս հարստացված ուրանի առաջին խմբաքանակը ստանալու մասին

Իրանի իշխանություններին հաջողվել է ստանալ մինչև 60 տոկոս հարստացված ուրանի առաջին խմբաքանակը: Այս մասին ուրբաթ Twitter-ում գրել է երկրի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը:

«Հպարտ եմ տեղեկացնել, որ այս գիշեր՝ ժամը 00:40-ին (ապրիլի 15-ին Մոսկվայի ժամանակով 23:10-ին) <․․․> իրանցի գիտնականներին հաջողվել է մինչեւ 60 տոկոս հարստացված ուրան ստանալ, - ասել է նա: - Շնորհավորում եմ Իրանի քաջարի ժողովրդին այս հաջողության կապակցությամբ»:

Քաղաքական գործիչը հավելել է, որ «Իրանի ժողովուրդը ունակ է տապալել [թշնամու] ցանկացած դավադրություն։
Երկրի փոխնախագահ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին իր հերթին ասել է, որ Իրանի իշխանությունները արտադրել են ինը գրամ մինչև 60% հարստացված ուրան:

«Ուրբաթ գիշեր մենք հասանք ուրանի 60% հարստացման, և այս պահին մենք ունենք ինը գրամ [մինչև 60% հարստացված ուրան]», - մեջբերում է նրա խոսքերը ISNA գործակալությունը: Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ «այս պահին ուրանի մինչև 60% հարստացման արտադրական [հզորությունը] կազմում է ժամում ինը գրամ»: Նա հավելել է, որ «Իրանն ունակ է հարստացման ցանկացած մակարդակի ուրան արտադրել»:
Նրա խոսքով՝ դիվերսիայից հետո Նաթանզի միջուկային օբյեկտը շարունակում է գործել: «Ցենտրիֆուգները գործում են վթարային էլեկտրամատակարարման աղբյուրով: Հիմնական էլեկտրամատակարարումը կմիացվի մեկ կամ երկու օրվա ընթացքում», - նշել է Սալեհին:

Երեքշաբթի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Աբաս Արագչին հայտարարել էր, որ չորեքշաբթի օրվանից Թեհրանը կսկսի ուրանի 60 տոկոսով հարստացումը: Երկրի նախագահ Հասան Ռոհանիի խոսքով՝ այս քայլը ձեռնարկվել է ի պատասխան ապրիլի 11-ին Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտում իսրայելական դիվերսիայի: Նա նշել է, որ հարստացումը կիրականացվի խաղաղ նպատակներով և Ատոմային քներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։