«Իսլամական պետություն» ծայրահեղական շարժումը Իրաքի հյուսիսում իրականացնում է պարբերական էթնիկ զտումներ, հայտարարում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ իրավապաշտպանների՝ հավաքել են ռազմական հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ, այդ թվում` ԻՊ-ի գրոհայինների կողմից էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ իրականացված զանգվածային սպանությունների եւ առեւանգումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ օգոստոսին Սինջար նահանգում սպանվել են հարյուրավոր, հնարավոր է, հազարավոր եզդիներ: Հալծանքների են ենթարկվում քրիստոնյաները, ինչպես նաեւ այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները` ԻՊ բանակի հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնում է Amnesty International-ը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը որոշել էր Իրաք ուղարկել արտակարգ առաքելություն, որպեսզի քննեն` արդյոք «Իսլամական պետությունն» իրականացրել է հանցագործություն մարդկության դեմ եւ ռազմական հանցագործություններ:
ՄԱԿ-ում նշել են, որ ապացույցներ ունեն «Իսլամական պետության» «աներեւակայելի չափերի» հասնող դաժանությունների վերաբերյալ: