Բավ է պառակտվել
15-09-2020 22:12

Պատմական պահ. Իսրայելը, ԱՄԷ-ն և Բահրեյնը Սպիտակ տանը համաձայնագրեր են կնքել հարաբերությունների կարգավորման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանին եւ Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիֆ ալ Զայանին երեքշաբթի օրը համաձայնագրեր են ստորագրել հարաբերությունների կարգավորման մասին: Արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և հեռարձակվել ամերիկյան խոշոր հեռուստաընկերությունների կողմից:

Ըստ համաձայնագրերի՝ Իսրայելը կդադարեցնի իր ինքնիշխանության տարածումը Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի վրա, ինչը նախատեսված է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրով:

Նախքան ստորագրման արարողությունը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորումը ճանապարհ կբացի դեպի խաղաղության հաստատում տարածաշրջանի այլ արաբական երկրների հետ և կօգնի վերջ տալ արաբա-իսրայելական հակամարտությանը:

«Այսօր պատմության մեջ շրջադարձային պահ է: Այն ազդարարում է խաղաղության նոր դարաշրջան: Այս խաղաղությունը կընդլայնվի` ներառելով այլ արաբական պետություններ և, որպես արդյունք, կօգնի մեկընդմիշտ վերջ տալ արաբա-իսրայելական հակամարտությանը», - ասել է Նեթանյահուն:

Հրեական պետության վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իսրայելին ցուցաբերած աջակցության և արաբական երկրների հետ խաղաղությունը խթանելու ջանքերի համար: «Խաղաղությունը, որը մենք այսօր հաստատում ենք, նոր կորոնավիրուսի համաճարակից հետո դեռ երկար կտևի», - շարունակել է Նեթանյահուն: «Եկեք այսօր զգանք պատմության զարկերակը», - հավելել է նա:

Բահրեյնի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբդուլլաթիֆ ալ Զայանին ասել է, որ այժմ բոլոր կողմերը պետք է աշխատեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման շուրջ՝ երկու պետությունների համակեցության սկզբունքի հիման վրա:

«Այժմ անհրաժեշտ է ակտիվորեն և առանց հապաղելու աշխատել կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ, որին արժանի են մեր երկրների ժողովուրդներն», - ասել է նա համաձայնագրերը ստորագրելուց րոպեներ առաջ:

ԱՄԷ ԱԳՆ ղեկավարի խոսքով ՝ «Մերձավոր Արևելքի հենց սրտում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք հույս են ներշնչում ամբողջ աշխարհին»: «Այս նախաձեռնությունը հնարավոր չէր լինի առանց Դոնալդ Թրամփի ջանքերի», - ասել է նա: - Մենք տեսնում ենք նոր միտում, որը տարածաշրջանի համար լավագույն ուղին կապահովի»: Ալ Նահյանին վստահություն է հայտնել ստորագրված համաձայնագրերի դրական ազդեցության վերաբերյալ: