Իտալիայի ռազմաօդային ուժերն ավելի քան 15 տոննա մարդասիրական օգնությունով ինքնաթիռ են ուղարկել Գազայի բնակչությանը։ Այս մասին հայտնում է Իտալիայի պաշտպանության նախարարությունը։
Պիզայից մեկնող C-130J ինքնաթիռը տեղափոխում է օգնություն, որը հավաքել է Confederazione Nazionale delle Misericordie d'Italia բարեգործական կազմակերպությունը: Մարդասիրական բեռը կհասցվի Կիպրոսի Լառնակայի օդանավակայան, որտեղից այն կուղարկվի Գազա։
Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն ասել է, որ երկիրը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը Գազայում խաղաղ բնակիչների տառապանքները մեղմելու համար։ «Իտալիան չի մոռանում նրանց, ովքեր կարիքի մեջ են և հաստատակամորեն հավատարիմ է հակամարտության դեէսկալացիային», - ընդգծել է նա:
Այս տարվա սկզբին Իտալիան նախաձեռնել է «Սնունդ Գազայի համար» ծրագիրը, որի նպատակն է օգնել տարածաշրջանի խաղաղ բնակիչներին: Այս ծրագրի շրջանակներում մարդասիրական օգնության մի քանի խմբաքանակ արդեն ուղարկվել է պաղեստինյան անկլավ։