Բավ է պառակտվել
10-07-2020 12:56

Իտալիան ներառել է Հայաստանը և ևս 12 երկիր “սև ցուցակում” համաճարակաբանական վատ իրավիճակի պատճառով

Իտալիայի իշխանությունները ժամանակավորապես արգելել են 13 ոչ ԵՄ երկրներից մուտքը հանրապետություն կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Համապատասխան հրահանգը ստորագրել է հինգշաբթի Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:

“Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան՝ արտաքին գործերի և տրանսպորտի նախարարությունների հետ համատեղ, որոշում է կայացրել արգելել այն մարդկանց մուտքը և անգամ՝ տարանցումն, ով վերջին 14 օրվա ընթացքում գտնվել է Հայաստանում, Բահրեյնում, Բանգլադեշում, Բրազիլիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Չիլիում, Քուվեյթում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Օմանում, Պանամայում, Պերուում, Դոմինիկյան Հանրապետությունում՝ սանիտարական անվտանգության պատշաճ մակարդակի ապահովման նպատակով”,- նշվում է նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ կասեցվել է ուղիղ և անուղղակի ավիահաղորդակցությունը նշված երկրների հետ։ Այս երկրներից ոչ մեկը ներառված չէ ԵՄ այսպես կոչված կանաչ ցուցակում։

Երկիր մուտք գործող ցանկացած օտարերկրացի, ինչպես և արտասահմանից վերադարձող իտալացիները պետք է անցնեն երկշաբաթյա կարանտին։ Դա տարածվում է նաև եվրոպական կանաչ ցուցակում ընդգրված 14 երկրի քաղաքացիների վրա։ Իտալիայի սահմաններն անխոչընդոտ բաց են միայն Շենգենի գոտու պետությունների քաղաքացիների համար։ Շենգենյան գոտուց դուրս երկրների մեծ մասի հետ կանոնավոր թռիչքները չեն վերականգնվել:

Նախօրեին, այն բանից հետո, երբ Դաքայից հատուկ չվերթով ժամանած 77 ուղևորի մոտ հայտնաբերվեց կորոնավիրուս, արդեն իսկ արգելվելց Բանգլադեշի 200 քաղաքացու մուտքն Իտալիա։ Ինչպես պարզվել էր, թռիչքից առաջ նրանք կեղծ տեղեկություններ էին ներկայացրել անալիզի բացասական արդյունքի մասին: Արդյունքում, Դոհայից (Քաթար) ժամանած Բանգլադեշի քաղաքացիները հետ էին ուղարկվել: Բանգլադեշից ներգաղթյալների համայնքն ամենամեծն է Իտալիայում, միայն Հռոմում բնակվում է 30 հազար մարդ: Վերջին շաբաթների ընթացքում հատուկ չվերթով Հռոմ էր կարողացել վերադառնալ Բանգլադեշի 1300 քաղաքացի: Նրանցից շատերը ներգրավված են սեզոնային աշխատանքներում, այդ թվում նաև՝ ծառայությունների ոլորտում:

Իտալիայում, մարտին և ապրիլին նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած բռնկման գագաթնակետից հետո, գրեթե երկամսյա կարանտինի արդյունքում հաջողվեց կանգնեցնել վարակի ալիքը: Այժմ նոր դեպքերի օրական աճը շուրջ 200 է: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր հանրապետությունում վարակակիրների թիվը գերազանցել է 242 հազարը, որից գրեթե 35 հազարը մահացել է: