Բավ է պառակտվել
26-09-2015 15:47

Ո՞րն է Դուբայի 33-ամյա արքայազնի խորհրդավոր մահվան իրական պատճառը

Ամբողջ աշխարհում դեռևս շարունակում են ակտիվորեն քննարկվել Դուբայի կառավարիչ շայիխ Մուհամմադ իբն Ռաշիդ ալ-Մաքթումի ավագ որդու՝ 33-ամյա շայիխ Ռաշիդի մահվան իրական հանգամանքները. դեռևս սեպտեմբերի 19-ին տարածված պաշտոնական հայտարարության համաձայն՝ Ռաշիդը մահացել է իր իսկ տանը սրտի կաթվածից: Այս թեմայով gisher.news-ն զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ. «Այնուամենայնիվ, ներկայացվող վարկածը շարունակում է լուրջ տարակուսանքների պատճառ հանդիասանալ առաջին հերթին հենց Դուբայում»: Արաբագետը նշեց, որ երիտասարդ արքայազնը վարում էր ակտիվ կյանք, զբաղվում էր սպորտով, ձիավարությամբ, և հանկարծակի մահվան հանգամանքը լուրջ թերահավատության տեղիք է տալիս: «Ըստ իրանական որոշ լրատվամիջոցների՝ Դուբայի արքայազնը և նրա հետ ևս շուրջ մեկ տասնյակ դուբայցի զինծառայողներ, սպանվել են Եմենի Մարիբ նահանգում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում՝ ընդդիմադիր հութիական «Անսար Ալլահ» խմբավորման հասցրած հրետանային հարվածների հետևանքով»,-մանրամասնեց Արմեն Պետրոսյանն ու ավելացրեց. «Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում առավել ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ արքայազնը մահացել է թմրանյութերի չարաշահման հետևանքով: Բանն այն է, որ շայիխ Ռաշիդը վերջին տարիների ընթացքում մշտապես թմրանյութեր էր օգտագործում, իսկ դրանց չարաշահման հետևանքով անգամ մի քանի անգամ հայտնվել է վերականգնողական կենտրոններում»: Փորձագետը հիշեցրեց, որ հենց այս պատճառով է, որ դեռևս 2008թ. նա զրկվել էր գահաժառանգի տիտղոսից: Իսկ Wikileaks-ի կողմից հրապարակված դիվանագիտական ուղերձներից մեկի համաձայն՝ արքայազնի՝ գահաժառանգի տիտղոսից զրկվելու իրական պատճառն այն է, որ Ռաշիդը թմրանյութերի ազդեցության տակ սպանել է հոր գրասենյակի աշխատակիցներից մեկին: «Նշվում է նաև, որ մահվանը նախորդած մի քանի տարիների ընթացքում արքայազնն սահուն կերպով հեռացել էր աշխարհիկ կյանքից՝ վերածվելով Դուբայի ամենախորհրդավոր ֆիգուրներից մեկին»,-եզրափակեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Տաթև Առաքելյան