Բավ է պառակտվել
21-03-2019 18:34

ԱՄՆ նախագահի թեկնածուն խոսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին (տեսանյութ)

2020 թ. ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու, Կոնգերսի անդամ Թուլսի Հաբարդը հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության և ղարաբաղյան հակամարտության մեջ Հայաստանի և Արցախի կողմից միակողմանի զիջումների անթույլատրելիության մասին:

Հայոց ցեղասպանության ճանաչում

“Անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից մեկի հարցում արդարության հասնելու համար”, - ասել է Հաբարդը:

Նա հիշեցրել է, որ 2017 թվականին այցելել է Հայաստան և Արցախ, որտեղ ծանոթացել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների և հնարավորությունների հետ։

“ԱՄՆ-ի հայ համայնքն ավելի քան մեկ դար իր դրական և ինտեգրող դերակատարումն ունի երկրի կյանքում։ Եվ ես հպարտ եմ աջակցել այս համայնքին և կանգնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդար բանաձևի ընդունման նրանց ձգտումների կողքին, նպաստել Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգությանն ու բարգավաճմանն”,- ասել է Հաբարդը:

Ինչպես գրել է Gisher.News- ը, նախօրեին Ալաբաման դարձել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 49-րդ նահանգը։

Ղարաբաղյան կարգավորում

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, Հաբարդը նշել է, որ ԱՄՆ պետք է պահպանի օբյեկտիվ միջնորդի իր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացում։

“Սա չի նշանակում, որ պետք է վարել արհեստական հավասարակշռության քաղաքականությանը, այլ բացահայտ խոսել, երբ կողմերից մեկը խախտում է հրադադարի ռեժիմը։ Օբյեկտիվ միջնորդի դերը պահպանելու համար ԱՄՆ-ն չպետք է առաջ տանի միայն Հայաստանի և Ղարաբաղի անհապաղ և մշտական զիջումների վրա հիմնված բանաձևը”,- ասել է Հաբարդը:

Նրա խոսքերով, անհրաժեշտ է հարգել ոչ միայն տարածքային ամբողջականության սկզբունքն, այլև՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։