Բավ է պառակտվել
08-07-2020 18:51

Քանյե Ուեսթը ներկայացրել է ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցության մանրամասները

Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը մտադիր է մասնակցել 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու։ Այս մասին նա ասել է չորեքշաբթի օրը Forbes ամսագրի կողմից հրապարակված հարցազրույցում:

«Ես կառաջադրվեի որպես հանրապետական, եթե չլիներ [Հանրապետական կուսակցությունը ներկայացնող գործող նախագահ Դոնալդ] Թրամփը: Եթե Թրամփը մասնակցի մրցարշավին, ես կառաջադրվեմ որպես անկախ թեկնածու», - ասել է Ուեսթը: Նա նշել է, որ այլևս չի աջակցում Սպիտակ տան ներկայիս ղեկավարին, չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին նրա կողմնակիցն է եղել:

Միևնույն ժամանակ, երաժիշտը քննադատել է նաև դեմոկրատների թեկնածու, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին՝ հիշեցնելով վերջինիս «եթե դուք չեք քվեարկում իմ օգտին, ուրեմն դուք սևամորթ չեք» բառերն՝ ուղղված աֆրո- ամերիկյան համայնքին: Ըստ Ուեսթի, նման հայտարարությունները ռասիզմի դրսևորում են:

Ռեփերը նշել է, որ փոխնախագահի պաշտոնի թեկնածու է ընտրել իր ընկերոջը` քահանա Միշել Թիդբոլին Վայոմինգի նահանգից: Ընտրապայքարի կարգախոսը կլինի «ԱՅՈ»-ն, - ասել է Ուեսթը: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ ԱՄՆ նախագահության թեկնածու առաջադրվելու մտադրության մասին հայտարարությունը նպատակ չի հետապնդում լրացուցիչ ուշադրություն հրավիրել իր նոր՝ God's Country ալբոմի սպասվելիք ամառային թողարկման նախօրյակին։

Խոսելով արտաքին քաղաքականության մասին, Ուեսթը նշել է, որ «դեռ դա չի ձևակերպել», բայց մտադիր է «պաշտպանել Ամերիկան»: Նա նաև ասել է, որ «սիրում է Չինաստանը», իսկ կորոնավիրուսի համավարակը «Չինաստանի ժողովրդի մեղքը չէ»:

Ուեսթի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջրդվելու մտադրության մասին հայտնի դարձավ հուլիսի 4-ին: Նրան անմիջապես աջակցություն հայտնեց ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը։ Այնուամենայնիվ, շատ փորձագետներ կասկածում են ռեփերի քաղաքական հաջողությանը, քանի որ նա ուշ է միացել նախագահական մրցավազքին. մի շարք նահանգներում ավարտվել է ժամկետը, երբ անկախ թեկնածուն կարող է հավաքել ընտրողների ստորագրությունների անհրաժեշտ քանակն ընտրություններին մասնակցելու համար։ ԱՄՆ 59-րդ նախագահի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: