Բավ է պառակտվել
19-12-2019 21:00

Չինաստանը արտադրել է գլոբուսներ, որոնց վրա Արցախը և Նախիջևանը Հայաստանի կազմում են

Ադրբեջանի դպրոցներում հայտնվել են չինական արտադրության գլոբուսներ, որոնց վրա որպես Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Նախիջևանը: Այս մասին իր գրել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում: “Չինացիներն, ի տարբերություն շատ ժողովուրդների, կարող են տեսնել ոչ միայն ներկան, այլ նաև ապագան”, - գրել է նա՝ “հայ-չինական բարեկամություն” հեշթեգով ուղեկցելով իր գրառումը: Ինչպես նշել է Տոնոյանը, մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կամակատարներն իրար հերթ չտալով հայտարարում են, թե՝ “Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան”, Ադրբեջանի հանրակրթական դպրոցները համալրվել են չինական նոր գլոբուսներով”: “Թե ինչպիսի ոռնոց է այս թեմայով Ադրբեջանում, և ինչպիսի հարցեր են ուղղվում այդ երկրի մաքսային ծառայությանը և կրթության նախարարությանը, կարծում եմ՝ դժվար չէ կռահել”,- գրել է նա։ Հոկտեմբերի սկզբին Սոչիում կայացած Վալդայան գագաթնաժողովին Ալիևը պատասխանել էր Նիկոլ Փաշինյանի՝ “Արցախը Հայաստան է, և վերջ” ավելի վաղ արված հայտարարությանը։ Ալիևն ասել էր, որ “Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ, Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան”:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն: Դրանից հետո Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ այն կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա: 1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը:Հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը գործում է մինչ օրս: 1992 թվականից մինչ օրս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան: