Բավ է պառակտվել
23-03-2021 12:03

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԵՄ ներկայացուցիչների նկատմամբ

ԵՄ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Չինաստանի որոշումն ափսոսանք է առաջացնում և անընդունելի է: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում միության 27 երկրների արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Այս միջոցառումները ափսոսանք են առաջացնում և անընդունելի են: Եվրամիությունը չի փոխի մարդու իրավունքները պաշտպանելու իր ձգտումը», - ասել է նա:

Բորելի խոսքով, ԵՄ-ն Չինաստանին կոչ է անում երկխոսություն սկսել Բրյուսելի հետ մարդու իրավունքների վերաբերյալ: «Մենք ցանկանում ենք, որ Չինաստանը ներգրավվի Եվրամիության հետ մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության մեջ, այլ ոչ թե գնա առճակատման», - հավելել է դիվանագետը:

Ավելի վաղ, մարտի 22-ին ԵՄ 27 երկրների արտգործնախարարները նոր պատժամիջոցներ հաստատեցին 11 ֆիզիկական անձի և չորս ընկերության դեմ, նաև՝ Ռուսաստանից և Չինաստանից, որոնք, ըստ միության, հաղորդակից են մարդու իրավունքների խախտումներին: Սև ցուցակում ներառվել են, մասնավորապես, Չինաստանի չորս քաղաքացի և մեկ կազմակերպություն «Սինցզյանում ույղուր մահմեդական փոքրամասնության նկատմամբ հետապնդումների համար»:

Ի պատասխան՝ Չինաստանի կառավարությունը պատժամիջոցներ սահմանեց 10 խորհրդարանականի, գիտնականի և քաղաքական գործչի, ինչպես նաև ԵՄ չորս իրավաբանական անձանց նկատմամբ՝ ՉԺՀ Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի ներքին գործերին միջամտելու համար: Ցուցակում են հինգ Եվրախորհրդարանի հինգ պատգամավոր․ Ռեյնհարդ Բուտիկոֆերը, Միխաել Գալերը, Ռաֆայել Գլյուքսմանը, Իլհան Կուչյուկը, Միրիամ Լեքսմանը, Հոլանդիայի խորհրդարանական Սյորդ Սյորդսման, Բելգիայի խորհրդարանի անդամ Սամուել Կոգոլաթին, Լիտվայի խորհրդարանի անդամ Դովիլե Շակալենեն, գերմանացի գիտնական Ադրիան Ցենցը և շվեդ հետազոտող Բյորն Յերդենը։