Բավ է պառակտվել
28-04-2021 12:35

Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ կառավարությանը դադարացնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամ երկու կուսակցություններից միացել են Կոնգրեսի «Հայկական խմբի» ուղերձին 2022թ․ ֆինանսական տարում Հայաստանին և Արցախին օգնություն հատկացնելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), փաստաթղթում կոչ է արվում դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող ԱՄՆ ամբողջ օգնությունը, քանի դեռ հաստատված չէ Հայաստանի և Արցախի դեմ հարձակումների դադարեցումը:

Բացի այդ, Ներկայացուցիչների խորհրդի անդամների երկկուսակցական խումբն առաջարկում է 2 միլիոն դոլար ուղղել Լեռնային Ղարաբաղում կոնվենցիոնալ զենքի ոչնչացման ծրագրին, 100 միլիոն դոլար՝ Պետդեպարտամենտի և USAID-ի միջոցով Հայաստանին տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգության ոլորտներում աջակցությանը:

Ներկայացուցիչների խորհրդի անդամներ Ֆրանկ Փալոնեն, Ջեքի Սփիերը և Ադամ Շիֆը Կոնգրեսին ուղղված նամակում նշել են, որ 2022թ․ արտասահմանյան հատկացումների մասին օրինագծում Հայաստանի և Արցախի համար ներկայացված հայտը և դրա հետ կապված ծրագրերը որոշիչ նշանակություն ունեն հայ ժողովրդի անվտանգության բարելավմանը, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն տնտեսական զարգացմանը, քաղաքացիական հասարակության կայունացմանն աջակցելու, COVID-19 համաճարակին արձագանքելու և, որ ամենակարևորն է, Արցախում շարունակվող մարդասիրական ճգնաժամը մեղմելու գործում:

«Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին ուղղակի օգնության հուսալի ֆինանսավորումը պետք է ուղղվի վերականգնման և վերակառուցման աշխատանքներին, ներառյալ՝ բնակարաններով ապահովումը, սննդի անվտանգությունը, ջրամատակարարումը և սանիտարական չափորոշիչները, փախստականներին բժշկական օգնություն և օժանդակություն տրամադրելը, վերականգնողական և ենթակառուցվածքային այլ կարիքներ», - ասվում է փաստաթղթում։

Նամակն ուղղված է Ներկայացուցիչների պալատի Արտասահմանյան հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավար Բարբարա Լիին և ընտրված անդամ Հել Ռոջերսին, ով սկսել է մշակել 2022 ֆինանսական տարում արտաքին օգնության օրինագիծը։