Կոսովոյի Կոսովսկա-Միտրովիցա քաղաքում հունիսի 22-ին տեղի ունեցած խռովությունների ժամանակ վիրավորվել է 21 մարդ, այդ թվում` 13 ոստիկան եւ երկու լրագրող:
Խռովությունները սկսել էին Կոսովոյի ալբանացիները, որոնք բողոքում են Իբար գետի կենտրոնական կամուրջը սերբերի կողմից փակելու դեմ: Այդ գետը Կոսովսկա-Միտրովիցան բաժանում է ալբանական եւ սերբական հատվածների, որոնք նախկինում բազմիցս ազգամիջյան լարվածության վայր են դարձել:
Մի քանի օր առաջ սերբերն իրենց կողմից հավաքել էին կամրջի վրա 2011 թ.-ից գոյություն ունեցող պատնեշը` դրա փոխարեն տեղադրելով բույսեր եւ այն անվանելով «Խաղաղության այգի», որով նորից փակել էին երթեւեկելի հատվածը: Դա հարուցել էր տեղի ալբանացիների բողոքը, որոնք պահանջել էին միավորել քաղաքի երկու հատվածները եւ փորձել ճեղքել անվտանգության պատնեշը:
Բախումների ընթացքում ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ խլացուցիչ նռնակներ է կիրառել: Ձերբակալվել է հինգ մարդ, այրվել չորս մեքենա: Առաջիկա օրերին տեղի եւ միջազգային իրավապահները կուժեղացնեն կամրջի վերահսկողությունը: