Բավ է պառակտվել
07-07-2021 20:10

Ո՞ւր կարող են մեկնել հայաստանցի զբոսաշրջիկներն այս պահին։ Երկրներն ու մուտքի պայմանները համավարակի ֆոնին

Ավելի ու ավելի շատ երկրներ են բացում իրենց սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Եվ չնայած կորոնավիրուսի համաճարակի հետ կապված որոշ սահմանափակումներ դեռ պահպանվում են, այնուամենայնիվ, ցանկության դեպքում, հնարավորություն կա ճանապարհորդել նոր պայմաններում:

Ներկայացնում ենք մի շարք երկրներ, ուր այսօր կարող են մեկնել Հայաստանի քաղաքացիները, և մուտքի պայմանները:

Վրաստան

Հարևան Վրաստան հասնելու համար օտարերկրացիները պետք է ունենան փաստաթուղթ, որը հաստատում է կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստումը և ՊՇՌ թեստի բացասական պատասխանը, կամ միայն ՊՇՌ թեստի արդյունքը, սակայն այս դեպքում երկիր ժամանելու երրորդ օրը պետք է ևս մեկ թեստ հանձնել։

Վերջերս Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց չեղարկել ՊՇՌ թեստի տեղեկանք ներկայացնելու պահանջը հանրապետություն մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար։

Բացի այդ, հունիսի 1-ից Վրաստանը բացեց ցամաքային սահմանները, որոնք փակ էին 2020 թվականի մարտից, իսկ հունիսի 16-ից վերականգնվեց գնացքների երթևեկությունը Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղով: Հունիսի 17-ից «Արմենիա» ավիաընկերությունն իրականացնում է սեզոնային չարտերային թռիչքներ Հայաստանի մայրաքաղաքից Բաթումի:

Ռուսաստան

Ապրիլի 2-ին Ռուսաստանի կառավարությունը անժամկետ դարձրեց «Ճամփորդիր առանց COVID-19» բջջային հավելվածը, որը թույլ է տալիս մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք, եթե առկա է COVID-19-ի հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում, որը կատարվել է թռիչքի ժամից առավելագույնը 72 ժամ առաջ։

«Ճամփորդիր առանց COVID-19» ծրագիրը թույլ է տալիս ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին հեշտությամբ մուտք գործել Ռուսաստան: Հարթակի օգնությամբ կարելի է ընտրել ծրագրում ընդգրկված թեստավորում իրականացնող լաբորատորիա, ստանալ արդյունքը և, եթե դա բացասական է՝ մեկնել ուղևորության: Թեստի արդյունքը, որը պետք է ներկայացվի սահմանին, նույնպես պահվում և ցուցադրվում է բջջային հավելվածում:

Ֆրանսիա

Pfizer, Moderna, AstraZeneca կամ Johnson & Johnson պատվաստանյութերով պատվաստված անձինք կարող են մեկնել Ֆրանսիա, ներկայացնելով ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի առկայությունը հաստատող՝ թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված մարդիկ կարող են մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե ուղևորությունը ճանապարհորդելու հիմնավոր պատճառներից մեկի շրջանակներում է (ըստ հղումի):

Ֆրանսիա այցելելու համար չպատվաստված անձը պետք է.
լրացնի Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիրը
ներկայացնի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ (անգլերեն կամ ֆրանսերեն):
Ֆրանսիա ժամանելուն պես անձը պարտավորվում է ինքնամեկուսանալ իր նախընտրած վայրում ոթ օրվա ժամկետով և լրացնել Հայտարարագիրը:
Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես ենթարկվել անտիգենի պատահական հետազոտության:

Եգիպտոս

Երկիր մուտք գործելու համար հարկավոր է COVID-19- ի բացակայության տպագրած վկայագիր անգլերենով` բժշկական հաստատության կնիքով և QR կոդով: Թեստի համար նմուշառումը պետք է կատարված լինի մեկնելուց առավելագույնը 72 ժամ առաջ։ Պետք է ունենալ նաև ապահովագրական պոլիս, որը ծածկում է COVID-19-ի բուժման ծախսերը:

Կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստված օտարերկրացիները կարող են մուտք գործել Եգիպտոս առանց ՊՇՌ թեստի՝ սահմանին պատվաստման վկայագիրը ներկայացնելու պայմանով:

Մուտքը երկիր թույլատրվում է երկբաղադրիչ պատվաստանյութերի (Sputnik V, Pfizer, AstraZeneca, Moderna, Sinopharm, Sinovac) երկրորդ դեղաչափը ստանալուց 14 օր հետո, կամ մեկբաղադրիչ Johnson&Johnson պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց 14 օր հետո:

Այս տարվա հունիսի 1-ից «Fly Egypt» ավիաընկերությունը վերսկսել է թռիչքները Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով, իսկ հունիսի 25-ից Air Arabia ավիաընկերության չվերթներով կարելի թռչել Երևանից Շարմ էլ-Շեյխ և հակառակ ուղղությամբ:

Հունաստան

Հունաստան ժամանող օտարերկրացիները ժամանելուց մեկ օր առաջ պետք է լրացնեն Passenger Locator Form էլեկտրոնային ձևաթուղթը: Հունիսի 30-ից, անկախ պատվաստման վկայականի կամ հիվանդությունը տարած լինելու մասին վկայականի առկայությունից, պահանջվում է ներկայացնել մեկնումից առավելագույնը 72 ժամ առաջ արված ՊՇՌ թեստի արդյունքը: Ժամանելուն պես օդանավակայանում պահանջվում է նաև հանձնել էքսպրես թեստ:

Հունիսի 2-ից «Aegean Airlines» -ը վերսկսել է թռիչքները Աթենք-Երևան-Աթենք երթուղով:

Ուկրաինա

Օտարերկրյա քաղաքացիների համար, անկախ մեկնելու երկրից, Ուկրաինա մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ Ուկրաինայում գրանցված ապահովագրական ընկերության կողմից տրված ապահովագրական պոլիս (վկայական, սերտիֆիկատ), որը ծածկում է COVID-19- ի բուժման, մեկուսացման ծախսերը երկրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

Անհրաժեշտ է նաև ունենալ հետևյալ փաստաթղթերից մեկը.
- COVID-19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, որն իրականացվել է պետական սահմանը հատելուց առավելագույնը 72 ժամ առաջ.
- անտիգենի էքսպրե թեստ, որը կատարվել է ժամանումից առավելագույնը 72 ժամ առաջ.
- ամբողջական պատվաստումը հաստատող փաստաթուղթ (ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստման վկայականը մուտքի իրավունք չի տալիս):

«Bees» ավիաընկերությունը հունիսի 14-ից սկսել է չվերթներ իրականացնել Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով:

Գերմանիա

ԵՄ-ում գրանցված պատվաստանյութերով ամբողջական պատվաստված կամ կորոնավիրուսով հիվանդացած լինելու մասին վկայական ունեցող անձինք ազատվում են կարանտին պահելու անհրաժեշտությունից:

Այլ այցելուների համար կարանտինի տևողությունը 10 օր է: Այն հնարավոր է վաղաժամկետ ավարտել, եթե Գերմանիա մուտք գործելուց նվազագույնը հինգ օր անց ներկայացվի կորոնավիրուսի կրկնակի բացասական թեստի արդյունքը:

Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը այս տարվա օգոստոսի 6-ից կսկսի չվերթներ իրականացնել Քյոլն - Երևան - Քյոլն ուղղությամբ։

Ավստրիա
Ավստրիա մուտք գործելիս պետք է տրամադրել պատվաստման սերտիֆիկատ, կորոնավիրուսից բուժման տեղեկանք, բժշկական տեղեկանք կամ COVID-19-ի թեստի բացասական արդյունք՝ գերմաներեն կամ անգլերեն:
Երկիր ժամանողները պետք է 10-օրյա կարանտին պահեն: Կարանտինն անհրաժեշտ չէ, եթե անձը երկիր է մոտք գործում․ կանոնավոր աշխատանքային պարտավորություններով պայմանավորված, միջազգային կազմակերպությունների տեղակայման մասին համաձայնագրի շրջանակներում, ծառայողական նպատակներով, մարդասիրական ծառայությունների համար, բժշկական նկատառումներով ուղեկցողների համար, այն անձանց համար, ովքեր մուտք են գործում կատարելու պարտադիր դատական կամ վարչական պարտավորությունները, ընտանիքում չնախատեսված և հատկապես կարևոր պատճառներով մուտք գործելիս (հիվանդություն, հարազատի մահ, ծնունդ), ինչպես նաև պատվաստումների վկայական ունեցող անձանց համար:
Այս տարվա հուլիսի 7-ից Wizz Air- ն իրականացնում է Վիեննա-Երևան-Վիեննա չվերթները:

COVID-19- ի իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը Հայաստանում գործել է վեց ամիս` մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը ներառյալ: Համապատասխան օրենքների փաթեթներում խորհրդարանի կողմից փոփոխություններ մտցնելուց հետո Հայաստանի կառավարությունը կարանտին մտցրեց ամբողջ երկրում 4 ամիս ժամկետով ՝ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը, այնուհետև այն երկարաձգեց ևս վեց ամսով ՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը:
Կարանտինը, մասնավորապես, նախատեսում է երկիր մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, ինքնամեկուսացման կանոններ, ինչպես նաև մի շարք սահմանափակումներ, որոնք վերաբերում են հասարակական միջոցառումներին, կրթական գործընթացին և տնտեսական գործունեությանը: Հայաստանի ամբողջ տարածքում պետք է օգտագործվեն անհատական պաշտպանության միջոցներ, իսկ բնակության վայրի սահմաններից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի առկայությունը։