Բավ է պառակտվել
23-08-2019 17:39

Ծուխը պատել է Բրազիլիայի քաղաքները՝ ցերեկը գիշերի վերածելով (լուսանկարներ, տեսանյութ)

Ամազոնիայի արևադրձային անտառներն արդեն 15 օր է այրվում են։ Ծուխը պատել է Բրազիլիայի քաղաքները՝ ցերեկները գիշերների վերածելով։ Երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն անտեսում է իրավիճակը և մեղադրում չարագործներին։

Չնայած այն հանգամանքին, որ վերջին երկու տարվա ընթացքում հրդեհների մակերեսն ավելի քան կրկնապատկվել է՝ Բոլսոնարուն համարում է, որ հասարակական կազմակերպությունները միտումնավոր ուռճացնում են խնդիրն՝ իրեն վատ լույսի ներքո ներկայացնելու համար։ Նա անգամ համարձակություն է ունեցել մեղադրել դիտրդներին հրկիզման մեջ։

Վատ խաղի ժամանակ լավ դեմքի արտահայտություն անելու Բոլսոնարուի փորձերը լիովին հասկանալի են։ Նախընտրական պայքարի ժամանակ նա խոստացել է բիզնեսը բերել Ամազոնիա։ Նրա ընտրվելուց հետո արևադարձային անտառները կորցրել են 870 քառակուսի մղոն․դրանք ծառահատվել են։

Այս հանգամանքը հնարավոր է դարձրել նախկինում աներևակայելին՝ հրդեհները խոնավ արևադարձային անտառներում։ Երբ այդ մասին հայտարարել է Ամազոնիայում իրավիճակը վերահսկող պետական գործակալության տնօրենը՝ Բոլսոնարուն հեռացրել է նրան աշխատանքից, մեղադրելով ստելու մեջ։

Գիտնականներն ահազանգում են, քանի որ Ամազոնիայի անտառները մոլորակը կլիմայական փոփոխություններից պաշտպանող ամենամեծ միջոցն են։ Դրանք արտադրում են թթվածին և կլանում ածխաթթու գազ։ Հակառակ դրան՝ այրվող անտառները արտադրում են մեծ քանակությամբ ածխաթթու գազ։ Համաձայն եղանակի միջնաժամկետ կանխատեսումների եվրոպական կենտրոնում անտառային հրդեհների արտանետումների ուսումնասիրությամբ զբաղվող ավագ գիտաշխատող Մարկ Պարրիգթոնի տվյալների, 2019թ․ օդ է արտանետվել 200 մեգատոննա ածխաթթու գազ։ Եվ իրավիճակը կարող է զգալիորեն վատթարանալ։

Բրազիլիայի տիեզերական ուսումնասիրությունների ինստիտուտը կանխատեսել է, որ առաջիկա երեք ամսվա ընթացքում Ամազոնիայի կենտրոնական և հյուսիսային շրջաններում տեղումների քանակը նորմայից ցածր կլինի 40-50 տոկոսով։

Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ հունվարից ի վեր Ամազոնիայում 74 155 հրդեհ է բռնկվել: Սա 85% -ով ավելին է, քան նախորդ տարի:

Մինչ Ժաիր Բոլսոնարուի կառավարությունը գլուխը թաքցնում է ավազի մեջ՝ սսոցանցերում ակցիա է սկսվել #PrayforAmazonia (#աղոթումենքԱմազոնիայիհամար) հեշթեգով: Դրան մասնակցում են ինչպես հասարակ օգտատերերն, այնպես էլ համաշխարհային աստղերը։

Օրինակ՝ Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա իր 180 միլիոն բաժանորդներին կոչ է արել արձագանքել աղետին։

“Ամազոնիայի արևադարձային անտառն արտադրում է աշխարհի թթվածնի 20 տոկոսը, և այն այրվում է վերջին երեք շաբաթվա ընթացքում։ Մեր պարտականությունն է օգնել փրկել մեր մոլորակը”,-գրել է նա։

“Յուվենտուսի” հարձակվող Պաուլո Դիբալան նույնպես անտարբեր չի մնացել։

“Ամազոնը հրդեհի մեջ է։ Այն միայն Հարավային Ամերիկայինը չէ, այն պատկանում է բոլորիս։ Նրա անտառը երկրի թոքերն են, որոնք տալիս են մեր մոլորակի թթվածնի 20 տոկոսը։ Ամազոնիան ամբողջ աշխարհի անտառն է, և մեր ապագան այրվում է։ Ամազոնիան արժանի չէ այս ամենին։ Դուք պետք է ինչ-որ բան անեք”,-գրել է Դիբալան Instagram-ում։

Հրդեհների մասին խոսել է նաև ամերիկացի դերասանուհի և մոդել Զոի Կրավիցը։

“Երբ այրվում էր Նոտր-Դամը՝ համաշխարհային մամուլը լուսաբանում էր հրդեհի ամեն վարկյանը, և միլիարդատերերը շտապեցին վերականգնել այն։ Հիմա կրակի մեջ է Ամազոնիան՝ մեր մոլորակի թոքերը։ Արդեն երեք շաբաթ է, ինչ անտառներն այրվում են։ Չկա ո՛չ մամուլի լուսաբանում, ոչ էլ միլիարդատերերը կան”,- իր վրդովմունքն է արտահայտել նա։

Դերասան, պարող, ռեփ կատարող, Ուիլ Սմիթի և Ջադա Պինկեթ-Սմիթի որդին՝ Ջեյդեն Սմիթը գրել է, որ ամազոնյան անտառի հրդեհը սարսափելի է և խնդրել է բաժանորդներին տարածել տեղեկությունները դրա մասին։

Հաջողակ մոդել, Վինսենթ Կասելի կինը՝ Թինա Կունակին գրել է, որ վտանգի մեջ է ամբողջ մոլորակը։

“Մի աղոթեք Բրազիլիայի կամ Ամազոնի համար: Աղոթիր ինքդ քեզ համար: Ամազոնն ապահովում է մեր թթվածնի 20% -ը ամեն տարի, և այն այրվում է ռեկորդային արագությամբ հենց հիմա և վերջին 18-19 օրվա ընթացքում: Սա աշխարհի և արտակարգ իրավիճակի խնդիր է և սպառնում է մեր բոլորի անվտանգությանը”, - շեշտել է նա։

Օսկարակիր դերասան և շրջակա միջավայրի պահպանության հիմնադրամի ղեկավար Լեոնարդո դի Կապրիոն շեշտել է, որ բրազիլական Ամազոնիան, որը մեկ միլիոն մարդու և կենդանիների երեք միլիոն տեսակի տունն է՝ երկու շաբաթ է, ինչ այրվում է:

“Աշխարհի խոշորագույն արևադարձային անտառը հանդիսանում է գլոբալ կլիմայական լուծման էական տարր: Առանց Ամազոնիայի մենք չենք կարող զսպել Երկրի տաքացումը: Ամազոնիային հարկավոր է ավելին, քան մեր աղոթքները: Այնպես որ, ի՞նչ կարող եք անել”, - գրել է դերասանը:

Նա առաջարկել է բաժանորդներին անդամակցել բնապահպանական կազմակերպություններին և նվազեցնել տավարի մսի օգտագործումը, քանի որ խոշոր եղջրավոր անասունների բուծումը Ամազոնիայում անտառների վերացման պատճառներից մեկն է հանդիսանում։ Նա կոչ է արել բրազիլացիներին հաջորդ անգամ քվերակել այն քաղաքական գործիչների օգտին, ովքեր հասկանում են կլիմայական ճգնաժամի ծանրությունը և պատրաստ են համարձակ միջոցներ ձեռնարկել դրա լուծման համար: