Բավ է պառակտվել
26-04-2020 11:04

“Մարդիկ հոգնել են տանը նստելուց”․ Եվրոպան վերադառնում է նորմալ կյանքին (լուսանկարներ)

Գերմանիան վերսկսում է ֆուտբոլի ազգային առաջնությունը։ Ավստրիայում մայիսից կբացվեն հյուրանոցներն ու առևտրի կենտրոնները։ Լեհաստանը բացում է անտառներն ու պուրակները զբոսանքի համար։ Չեխիան ամբողջությամբ հանել է կարանտինը և թույլ է տալիս քաղաքացիներին շրջագայել Շենգեն գոտու շրջանակներում։ Կյանքն աստիճանաբար վերադառնում է նորմալ հուն։ Դրա համար եվրոպացիները շատ բան են զոհաբերել։

“Գերմանական հրաշքի” գաղտնիքը

Եվրոպական ֆուտբոլի երկրպագուները ոգևորություն են ապրում։ Գերմանիայում կարանտինի մեղմացումից հետո Բունդեսլիգայի խաղացողները վերադառնում են մարզադաշտեր: Առաջին հանդիպումները կկայանան մայիսին: Հանդիսատեսներին չի թույլատրվի մարզադաշտեր գնալ, բայց նրանք չեն վհատվում: “Իրական խաղ դիտել, թեկուզ՝ հեռուստացույցով, ավելի լավ է, քան առցանց ֆուտբոլ խաղալ: Ոչ մի կիբերսպորտ չի փոխարինի կենդանի հույզերն”, - ասել է РИА Новости- ին Բեռլինի բնակիչ Քրիստիան Մորոզոֆը:

Բունդեսլիգայի ղեկավարությունը զգուշացրել է, որ նոր սեզոնում կմտցվեն երկրպագուների համար նախատեսված հիգիենայի և սոցիալական հեռավորության խիստ կանոններ, իսկ ֆուտբոլիստները պարբերաբար կորոնավիրուսի թեստավորում կանցնեն։ “Համավարակից հետո մուտքը մարզադաշտ, թերևս, կլինի, ինպես հիվանդանոց - բախիլներով և պաշտպանիչ դիմակներով։ Սակայն պետք է համակերպվենք”,- կարծում է Մորոզոֆը։

Գերմանիայի կառավարությունը որոշեց մեղմացնել կարանտինի ռեժիմն այն բանից հետո, երբ COVID-19-ով վարակվածների թիվը սկսեց նվազել, իսկ ապաքինվածների թիվն՝ աճել։ Ապրիլի 24-ի դրությամբ Գերմանիայում վարակվել է 153հազ․ մարդ, մահացել՝ 5575-ը։ Ապաքինվել է 95հազ․մարդ։ “Գերմանական հրաշքի” գաղտնիքը դեռևս չի բացահայտվել, բայց վարակաբանները կարծում են, որ վարակը հնարավոր եղավ սանձել զանգվածային թեստավորման և ժամանակին մտցված սահմանափակումների շնորհիվ։

Սահմանափակումներն ամբողջովին հանելու մասին դեռևս վաղ է խոսել։ Առայժմ փակ կլինեն մանկապարտեզները, դպրոցները, բուհերը, առևտրի կենտրոնները, ֆիթնես-ակումբները, գեղեցկության սրահները և հանրային սննդի կետերն։ Այս տարի հարցականի տակ է Օկտոբերֆեստը։

Բայց գերմանացիները, միևնույն է, ուրախ են։ Արևմտյան երկրամասերում բացվել են ոչ պարենային խանութները, գրքերի կրպակները, հեծանիվների և ավտոմեքենաների վարձույթի կետերը։ Քաղաքացիներին թույլատրել են ազատ զբոսնել, զբաղվել սպորտով բնության գրկում, գնալ աշխատանքի։ Մինչդեռ, դեռևս արգելվում են մեծ խմբերով հավաքները, իսկ պաշտպանիչ միջոցներ կրելը պարտադիր է։

“Փողոցները, պուրակներն ու այգիները բազմամարդ են, բայց բոլորը դիմակներով են։ Ընդ որում, խիստ կարանտինի ժամանակ դիմակ կրելը պարտադիր չէր։ Այժմ Համբուրգի փողոցներում կարելի է տեսնել մարդկանց խմբեր, ովքեր գարեջուր են խմում, բայց պահպանում են սոցիալական հեռավորությունը”,- պատմել է РИА Новости-ին Գերմանիայում պայմանագրով աշխատող Վասիլի Յաշկինասը։

Հաջորդ շաբաթ կհանվեն սահմանափակումները նաև Գերմանիայի արևելքում՝ Թյուրինգիայում և Բավարիայում։ Մայիսի սկզբին մեղմացումներ են սպասվում Բերլինում և Բրանդերբուրգում։

Քաշել կորոնավիրուսի արգելալծակը

Վեց շաբաթ առաջ Ավստրիան ԵՄ-ում կորոնավիրուսի տարածման օջախներից մեկն էր: Բայց խիստ կարանտինը թույլ տվեց վերահսկել իրավիճակը: Ապրիլի 24-ի դրությամբ երկրում կա 15 հազար վարակված, 11 հազարն արդեն ապաքինվել է: Մահացել է 53 մարդ:

Ապրիլի սկզբին կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարեց կարանտինի աստիճանական մեղմացման մասին: Ամսվա կեսին վերսկսեցին իրենց աշխատանքը մինչև 40 քմ տարածքով խանութները, իսկ մայիսի 1-ին կբացվեն առևտրի կենտրոնները, գեղեցկության սրահները և վարսավիրանոցները: Հյուրանոցները, սրճարանները և ռեստորանները կսկսեն այցելուներ ընդունել հաջորդ ամսվա կեսից ոչ շուտ։ Զանգվածային միջոցառումները դեռևս արգելված են, բայց հունիսին իշխանություններն ակնկալում են վերսկսել թատրոնների, կինոթատրոնների և թանգարանների գործունեությունը:

«Մենք դեռևս պարտավոր ենք կրել դիմակներ: Խանութներում ցանկալի է կրել վինիլային ձեռնոցներ: Նույնիսկ կոշիկներն ու վերնահագուստն են պարտադրում ախտահանել։ Բայց ավստրացիները հանգիստ են վերաբերվում այս ամենին։ Դրա փոխարեն երկիրը Եվրոպայում առաջինն է վերադառնում է կյանքի նորմալ ռիթմին", - ասում է Վիեննայի տեխնիկական համալսարանի ուսանողուհի Մարիա Ֆրոլովան:

Երկրում համաճարակաբանական իրավիճակը վատթարանալու դեպքում կառավարությունը նորից կխստացնի սահմանափակումները։

Համբերատար լեհերը

Ապրիլի 24-ի դրությամբ Լեհաստանում կորոնավիրուսով վարակվել է 10 759 մարդ, ապաքինվել է 1740-ը։ Մահվան ելքով դեպքերը 463-ն են։ Մարտի կեսից երկրում խիստ կարանտին է, բայց որոշ սահմանափակումներ արդեն հանվում են։

Այսպես, ապրիլի 20-ից քաղաքացիները կարող են զբոսնել պուրակներում և անտառներում։ Մայիսի սկզբին կմեղմվեն առևտրի կանոնները, կվերսկսվեն ծառայությունները եկեղեցիներում, կվերաբացվեն հյուրանոցները։ Ամսվա վերջին կբացվեն կինոթատրոնները և թանգարանները։

“Լեհերն արիաբար տարան կարանտինը։ Տանն էին մնում բոլորը՝ և տարեցները, և երիտասարդները։ Բայց այժմ որոշակի հոգնածություն է զգացվում։ Մարդիկ ուզում են դուրս գալ տներից, բիզնեսն ուզում է աշխատել։ Հասկանալի է, որ տնտեսական հետևանքները լուրջ կլինեն, բայց մենք փորձում ենք հնարավորինս շուտ վերադառնալ սովորական կյանքին”,- նկարագրում է իրավիճակը Վարշավայի բնակիչ Միխալ Պատրիկ Սադլովսկին։

Նա դասավանդում է Վարշավայի համալսարանում։ “Համացանցը լավ այլընտրանք է, բայց ոչինչ չի կարող փոխարինել կենդանի շփումը ուսանողների հետ։ Գրադարաններն անհասանալի էին, իսկ անհրաժեշտ գրականությունը միշտ չէ, որ հնարավոր է առցանց գտնել”,- նշում է դասախոսը։

Եվ չնայած լեհերը ստիպված կլինեն դիմակներ կրել մինչև հունիսի վերջը, դա արդեն շատ դժվար չէ։ “Կարելի կլինի զբոսնել մաքուր օդին։ Չնայած, ես այդպես էլ չհասկացա, ինչու էին փակել անտառներն ու պուրակները։ Եթե մարդը միայնակ զբոսնի մաքուր օդին՝ դժվար թե COVID-19-ով վարակվի”,- ասում է Միխալը։

Դիմակը՝ Չեխիայի նոր խորհրդանիշ

Չեխիայում տոնական մթնոլորտ է։ Նախօրեին չեղյալ են հայտարարել մարտի 12-ին հայտարարած կարանտինը։ Գալիք շաբաթ երկրում կբացվեն խոշոր խանութները, ֆիթնես կենտրոնները, կենդանաբանական այգիները։ Կվերկսվեն դասերը դպրոցներում և համալսարաններում, ծառայությունները՝ եկեղեցիներում։

Մայիսին հաճախորդների առջև դռները կբացեն առևտրի կենտրոնները, մերսման սրահները, իսկ մայիսի վերջին՝ սրճարաններն ու ռեստորանները։ Թանգարանները, թատրոնները, մարզադաշտերը, զբոսաշրջային վայրերն առանց սահմանափակումների հասանելի կլինեն հույիսից։

Չեխերին ամենից շատ ուրախացնում է սահմանների բացումը։ Այժմ տեսականորեն կարելի է մեկնել արտասահման։ Բայց գրեթե բոլոր եվրոպական երկրներրը դեռևս ոչ ոքի չեն ընդունում։ Բացառություն են Շվեդիան և Բելառուսը։

“Կարանտինի առաջին շաբաթները շատ խիստ էին։ Չեխիան կանգ էր առել։ Կարելի էր գնալ աշխատանքի, բայց միայն, եթե անհնար էր հեռահար աշխատել։ Եվ պարտադիր դիմակով, հակառակ դեպքում կտուգանվեիր”,- պատմել է РИА Новости- ին Պրահաի բնակիչ Նատալյա Սուդոենկովան:

Բայց նույնիսկ այդ դժվար ժամանակներում չեխերը փորձում էին ամեն ինչի մեջ գտնել դրականը։ “Դիմակը դարձավ խորհրդանիշ։ Դրանք կարում էին անգամ հայտնի մարդիկ։ Տրանսպորտի նախարարը ելույթ էր ունենում դիմակով, որի վրա պատկերված էին փոքրիկ գնացք և մեքենաներ, առողջապահության նախարարը “աքսեսուարը” հարմարեցնում էր փողկապի և թաշկինակի գույնին։ Սա ինքնարտահայտման միջոց էր”,- պատմում է զրուցակիցը։

Համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում իշխանությունները կվերադարձնեն սահմանափակումները։ Իսկ առայժմ վարակվածների թիվը նվազում է, ապաքինվածներինն՝ ավելանում։ Ապրիլի 24-ի դրությամբ հաստատվել է 7188 դեպք, 2186-ն ապաքինվել է, 213-ը՝ մահացել։

“Մինչև հունիսի վերջ բոլորը պետք է դիմակ կրեն։ Օրինակ՝ հարսանիքներին միայն հարսին ու փեսային է թույլատրվում դեմքը բացել։ Դե, ինչ, ստիպված ենք մի փոքր էլ դիմանալ”,- ամփոփում է Նատալյան։