Հարյուրավոր մահմեդական ակտիվիստներ երեկ, ապրիլի 18-ին մասնակցել են Կուալա Լումպուրում ԱՄՆ-ի դեսպանատան առաջ տեղի ունեցած ցույցին` բողոքելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Մալայզիա կայանալիք այցի դեմ, հայտնում է theborneopost.com-ը:
Մզկիթում ուրբաթ օրվա աղոթքներից հետո ցուցարարները պաստառներով հավաքվել են դեսպանատան առաջ եւ հետո ցրվել:
Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր Օբամայի մեկշաբաթյա ասիական շրջագայության մասին, որի ընթացքում ԱՄՆ նախագահը այցելելու է Մալայզիա, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա եւ Ճապոնիա:
Մալայզիա այցը նշանակված է ապրիլի 26-28-ին: Օբաման 50 տարվա ընթացքում ամերիկացի առաջին նախագահն է, ով կայցելի Մալայզիա։ Ավելի վաղ Լինդոն Ջոնսոնն էր այցելել 1966 թ.:
Այցի շրջանակում Օբաման հանդիպելու է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակի, Հարավարեւելյան Ասիայի «երիտասարդ առաջնորդների» եւ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ: