Բավ է պառակտվել
16-03-2017 11:28

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին իրազեկող մասշտաբային արշավ է սկսվել

Մասաչուսեթս նահանգում (ԱՄՆ) սկսվել է «Peace of Art’s» կազմակերպության ամենամյա արշավը, որն ուղղված է Հայոց ցեղասպանության մասին իրազեկելուն:
Արշավի շրջանակներում, սկսած 2017թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 30-ը Մասաչուսեթսի մի շարք քաղաքներում տեղադրվելու են տեղեկատվական վահանակներ, ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի:
«2017թ. ապրիլը Հոլոքոստի և աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակի ամիսն է: Այդ կապակցությամբ մենք Թուրքիային կոչ ենք անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդպիսով հարգանքի տուրք մատուցելով բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերին»,- ասել է կազմակերպության նախագահ Դանիել Վրուժան Հեջինյանը:


Նրա խոսքերով գովազդային վահանակները արտացոլում են այն պատմական պահը, երբ Նորին Պայծառություն Գարեգին 2-րդը Ֆրանցիսկոս Պապի հետ հայկական և կաթոլիկ համայնքների անունից աղավնիներ բաց թողեցին, որոնք թռան դեպի Արարատ լեռը, այդպիսով խաղաղության ուղերձ հղելով Թուրքիային:
1996թ.-ից սկսած, ամեն տարի Հեջինյանը նախաձեռնում է Հայոց ցեղասպնության վերաբերյալ հիշատակային վահանակների տեղադրումը:
2003թ.-ից «Peace of Art»-ը հանդիսանում է հայերի ցեղասպանությանը նվիրված հիշատակային գովազդային վահանակների հովանավորը, իսկ 2015թ. կազմակերպությունը ԱՄՆ-ում և Կանադայում՝ ի նշան աշխարհի բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակի, գործարկեց իր «100 գովազդային պաստառ նվիրված ցեղասպանության 100 տարիներին» արշավը:
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները, և չափացանց ցավոր է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: