Բավ է պառակտվել
04-05-2017 11:24

Գլենդելի քաղաքապետ ընտրվել է Վարդան Գարպետյանը

Վարդան Գարպետյանը (Vartan Gharpetian) Գլենդել քաղաքի նոր քաղաքապետ է ընտրվել (ԱՄՆ, Կալիֆորնիայի նահանգ):
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել իրենց գործընկերոջը՝ Վարդան Գարպետյանին քաղաքապետի պաշտոնը հանձնելու համար:
Գարպետյանը քաղաքային խորհրդի կազմում առաջին անգամ ընտրվել է 2015թ.: Այդ օրվանից նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մի շարք քաղաքային կոմիտեներում:
Նոր քաղաքապետը խոստացել է քաղաքն ավելի անվտանգ դարձնել, և բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով նպաստել բարձր վարձատրվող աշխատատեղերի բացմանը:
Գարպետյանը նաև հայտնել է, որ միջոցներ է հայթայթում՝ Հայաստան երկու հրշեջ մեքենա ուղարկելու նպատակով:
Հիշեցնենք, որ Գլենդելի քաղաքապետն ընտրվում է քաղաքային խորհրդի անդամների կողմից՝ մեկ տարի ժամկետով: Քաղխորհրդում ներկա դրությամբ կա 5 հայ:
Գլենդելի հայկական համայնքը ՀՀ տարածքից դուրս գտնվող հայկական քաղաքային խոշորագույն համայնքներից է: Հայերն այստեղ բնակվում են 1920-ականներից: 1970-ական թվականներին հայ էմիգրանտների թիվը կտրուկ աճեց, իսկ հայկական ծագում ունեցող բնակիչների մեծամասնությունը Գլենդելում բնակություն հաստատեցին 1990-2000-ական թվականներին:
Հայերն այստեղ լավ ինտեգրված են և շատ ձեռնարկությունների են տնօրինում: Քաղաքում մի քանի հայկական դպրոց, էթնիկական և մշակութային կազմակերպություն է գործում: Ազգային շատ ռեստորաններ և սրճարաններ կան, ինչպես նաև հայկական մամուլ: Քաղաքում գործում է ՀՀ հյուպատոսություն:
2010թ. ԱՄՆ-ի բնակչության մարդահամարի տվյալների համաձայն Գլենդելում բնակվում է ավելի քան 65,3 հազ. հայ, ինչը կազմում է քաղաքի ընդհանուր բնակչության 34,1%-ը: