Բավ է պառակտվել
07-12-2021 19:15

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից դադարեցնել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը

Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանը սահմանել է, որ Ադրբեջանը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար, հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։

«Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն, պետք է պաշտպանի բանտարկյալներին բռնությունից և վնասից… և պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումը էթնիկ հայերի դեմ, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից», - ասել է դատավորը՝ ներկայացնելով Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած ռասայական խտրականության մեղադրանքի հայցով վճռի որոշումը։

Սեպտեմբերին 16-ին Հայաստանը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, մեղադրելով Ադրբեջանին հայերի դեմ ռասայական խտրականության հրահրման մեջ։

Հայցում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան, որն ընդունվել է ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1965 թ.։ Հայցում նշվում է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել, իսկ Ադրբեջանի ատելության քաղաքականության արդյունքում հայերը համակարգված ենթարկվել են խտրականության, կոտորածների, խոշտանգումների և բռնության այլ տեսակների:

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կրկին խախտեց կոնվենցիան երկրների միջև զինված հակամարտության ընթացքում:

«Նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, 2020 թվականի նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած զինադադարից հետո, Ադրբեջանը շարունակում է մասնակցել հայ ռազմագերիների սպանություններին, խոշտանգումներին և այլ բռնություններին», - նշվում է փաստաթղթում:

«Հայաստանը խնդրում է դատարանին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ կոնվենցիայի խախտումների համար, որպեսզի կանխի ապագա վնասը և փոխհատուցի արդեն հասցված վնասը», - ասվում է հայցում:

Հայցում ընդգծվում է, որ հայկական էթնիկ կամ ազգային ծագում ունեցող անձինք Ադրբեջանի կողմից ենթարկվել են խտրականության՝ անկախ նրանց փաստացի քաղաքացիությունից: