Բավ է պառակտվել
13-02-2019 22:33

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պետդեպին․ “Հայաստանի առաքելությունը Սիրիայում կրում է բացառապես մարդասիրական բնույթ”

Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության գործունեության հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը։

Փետրվարի 8-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է հումանիտար ականազերծման փորձագետներից, բժշկական անձնակազմից և անվտանգության ապահովման պատասխանատուներից բաղկացած 83 հոգանոց հայ մասնագետների խումբը Սիրիա ուղարկելու մասին։ Հայ մասնագետների առաքելության գործառույթները ներառում են հումանիտար ականազերծում, բնակչության շրջանում հակականային իրազեկում, բժշկական օգնության տրամադրում Հալեպում՝ բացառապես մարտական գործողությունների գոտուց դուրս:

Չորեքշաբթի Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել էր ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ։

“Մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության”,- նշվել է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ:

“Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն արդեն երկար ժամանակ է, ինչ միասնաբար ջանքեր են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որն ուղեկցվում է փախստականների և տեղահանվածների զանգվածային ճգնաժամով”,- ասվել է Նաղդալյանի հայտարարության մեջ։

Նա հիշեցրել է, որ սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում ամբողջ աշխարհի հայերը մշտապես մտահոգությամբ հետևել են քաղաքացիական բնակչության, փոքրամասնություննրի, այդ թվում՝ Սիրիայի հայ համայնքի ճակատագրին։

“Հայկական հանրային կարծիքը խորը մտահոգություն և կարեկցանք է դրսևորել երկրի ավերման և քաղաքացիական բնակչության տառապանքների նկատմամբ: Խոսքը գնում է մի երկրի մասին, որն առանցքային ներդրում է ունեցել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում: Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Հալեպում չի դադարել գործել Հայաստանի Գլխավոր հյուպատոսը: Մինչ օրս Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 սիրիացի փախստականի, չորս օդանավ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա”,- ասվել է Նաղդալյանի հայտարարության մեջ:

Ըստ նրա, հարաբերական անդորր հաստատվելուց հետո Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը, ներառյալ՝ տրամադրելով բժիշկներ և մարդասիրական ականազերծողներ հակամարտությունից տուժած Հալեպի քաղաքացիական բնակչության վիճակի բարելավմանն աջակցելու նպատակով: Հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ է կրում, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգում է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ:

“Մենք կիսում ենք միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի հետ և կարևորում Սիրիային մարդասիրական աջակցության շարունակական տրամադրումը”, - ասվել է Նաղդալյանի հայտարարության մեջ: