Բավ է պառակտվել
21-11-2016 15:56

Ֆրանսիայում Հանրապետականների ներկուսակցական ընտրությունների առաջատարը Ֆիյոնն ու Ժյուպեն են

Ֆրանսիայում աջակողմյանների և կենտրոնամետների փրայմերիզի առաջին փուլն ավարտվել է սենսացիայով: Մեծ առավելությամբ հաղթել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսու Ֆիյոնը, որը ռուսամետ թեկնածու է համարվում: Երկրորդ փուլում նա կմրցակի կառավարության նախկին նախագահ Ալեն Ժյուպեի հետ, իսկ նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին պարտություն է կրել և դուրս մնացել նախագահի պաշտոնի համար ընտրարշավից` ցույց տալով ընդամենը երրորդ արդյունքը:
Նախընտրական արշավի մեկնարկից ի վեր դիտորդների մեծ մասը և հարցումները տվյալները արձանագրում էին Ժյուպեի և Սարկոզիի առավելությունը` կանխագուշակելով նրանց մենամարտը երկրորդ փուլում, իսկ Ֆիյոնը Լե Պենի հետ կիսում էր 3-4 տեղերը:
Իրավիճակը փոխվեց բանավեճերի մեկնարկից հետո, որոնք հեռարձակվում էին հեռուստատեսությամբ: Բանավեճերի ավարտին Ֆիյոնն արդեն մեկ կետով առաջ էր անցնում Ժյուպեից և Սարկոզիից` նա ուներ 30 տոկոս, մրցակիցները` 29:
Ելույթ ունենալով կողմնակիցների առջև` Սարկոզին խոստովանել է պարտությունն ու շնորհավորել Ֆիյոնին ու Ժյուպեին երկրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ: Սարկոզին հայտարարել է, որ կսատարի երկրորդ փուլում Ֆիյոնին, և որ հեռանում է քաղաքականությունից:
Նոյեմբերի 20-ին, երբ հայտնվեցին փրայմերիզի` ներկուսակցական ընտրությունների, առաջին տվյալները (Ֆիյոն`43,9%, Ժյուպե` 27,9%, Սարկոզի` 21,4%), քաղաքական մեկնաբաններն ու փորձագետները դեռ ասում էին, որ ամեն ինչ կարող է փոխվել, երբ հրապարակվեն խոշոր քաղաքների տվյալները: Սակայն Ֆիյոնը միայն ամրացրեց իր դիրքը, իսկ Սարկոզիի ցուցանիշները գնալով նվազում էին: