Բավ է պառակտվել
24-08-2020 10:31

Սիրիայի հարավում հուժկու պայթյուն է որոտացել, ողջ երկիրը հոսանքազրկվել է։ Իշխանությունը հայտարարել է ահաբեկչական գործողության մասին

Երկուշաբթի օրը Սիրիայի Դամասկոս նահանգում գտնվող գազատարի պայթյունը, որի պատճառով հոսանքազրկվել է ողջ երկիրը, ահաբեկչության հետևանք է։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նավթի և հանքային ռեսուրսների նախարար Ալի Գանիմը:

«Իրավիճակը գնահատելուց հետո պարզվել է, որ Ադրա և Դումեյր շրջանների միջև գազատարի պայթյունը ահաբեկչական գործողության արդյունք է», - նախարարի խոսքերն է մեջբերել սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը:

Գանիմը հավելել է, որ մասնագետներին հաջողվել է վերացնել անսարքությունները հանրապետության բոլոր էլեկտրակայաններում, որոնք պատրաստ են շահագործման։ Ըստ նրա, առաջիկա մի քանի ժամվա ընթացքում հնարավոր կլինի վերսկսել էլեկտրաէներգիայի մատակարարումը ողջ երկրում:

Ըստ հեռուստաալիքի, հրշեջներին հաջողվել է մարել պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը:

Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ հանրապետության ողջ տարածքը հոսանքազրկվել է երկրի հարավում գտնվող գազատարի պայթյունի պատճառով: Միջադեպի արդյունքում երեք էլեկտրակայան դուրս է եկել շարքից: Ավելի ուշ Սիրիայի էլեկտրաէներգիայի նախարար Մուհամմադ Զուեր Հարբութլին ասել է, որ մասնագետները կարողացել են վերագործարկել վնասված էլեկտրակայանների մի մասը, էլեկտրաէներգիայով ապահովել կենսական նշանակության օբյեկտները և սկսել էլեկտրաէներգիայի աստիճանական մատակարարումը որոշ շրջաններ։