Բավ է պառակտվել
17-01-2023 10:57

Չինաստանի բնակչությունը 60 տարվա մեջ առաջին անգամ նվազել է

Չինաստանի բնակչությունը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել է 850 հազար մարդով, այս նվազումն առաջինն է վերջին 60 տարում, հայտնում է China News-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի վիճակագրության ազգային բյուրոյի զեկույցը։

2022 թվականի վերջի դրությամբ բնակչությունը կազմել է 1,411,750,000, ինչը 850,000-ով պակաս է 2021 թվականի վերջի համեմատ, ասվում է փաստաթղթում։ Անցած տարվա ընթացքում երկրում ծնվել է 9,56 մլն երեխա, մահացել է 10,41 մլն մարդ, նշում է РБК-ն։

Վերջին անգամ ՉԺՀ-ի բնակչությունը նվազել էր 1960-ականներին:

Վիճակագրությունը հաշվի է առնում Չինաստանի 31 նահանգների բնակչությունը, բացառությամբ Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի, որոնք Չինաստանը իրենն է համարում է։ Այն չի ներառում նաև երկրում ապրող օտարերկրացիներին։

Այժմ, ըստ պաշտոնական տվյալների, երկրում ապրում է 722 միլիոն տղամարդ և 689,7 միլիոն կին: Այսպիսով, յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 104 տղամարդ։

Չինաստանի իշխանություններն աշխատունակ համարում են 16-ից 59 տարեկան բնակիչներին․ երկրում նրանց թիվը 875,56 միլիոն է (62,0%)։

Բացի այդ, վիճակագրությունը վկայում է ուրբանիզացիայի մակարդակի աճի մասին։ 2022 թվականի դրությամբ քաղաքային բնակչությունը 920,71 միլիոն էր, ինչը 6,46 միլիոնով ավել է 2021 թվականի վերջի համեմատ։ 491 միլիոն մարդ մշտական ​​հիմունքներով ապրում է գյուղական բնակավայրերում։

Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները թուլացրին «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը կորոնավիրուսի նկատմամբ, որին նրանք հավատարիմ էին 2020 թվականից։ Արդյունքում երկրում գրանցվեց հիվանդացության աճ. դեկտեմբերին Չինաստանում գրեթե 250 միլիոն մարդ է վարակվել COVID-19-ով, հաղորդում է Bloomberg-ը։ Պաշտոնական վիճակագրությունը չէր հաստատում այս տվյալները, մինչև հունվարի կեսերը Պեկինը հայտնում էր Չինաստանում համաճարակի ողջ ժամանակահատվածում ընդամենը 5241 մահվան դեպքի մասին։ Հունվարի 14-ին Առողջապահության ազգային հանձնաժողովի (NHC) խոսնակ Ցզյաո Յահուին ասաց, որ քաղաքականությունը վերացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում երկրում 60,000 մարդ է մահացել: