Բավ է պառակտվել
15-02-2022 12:09

Փետրվարի 25-ից Նիդերլանդներում կչեղարկվեն գրեթե բոլոր կորոնավիրուսային սահմանափակումները

Նիդեռլանդների կառավարությունը մտադիր է փետրվարի 25-ից վերացնել գրեթե բոլոր կորոնավիրուսային սահմանափակումներն։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Նիդերլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան (NTK)՝ վկայակոչելով աղբյուրները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ուժի մեջ կմնան միայն բազային խորհուրդները՝ հրաժարվել ձեռք սեղմելուց, պահպանել հիգիենայի տարրական կանոնները, օդափոխել տարածքները և թեստավորվել ախտանշանների առկայության դեպքում: «Դիմակների [պարտադիր կրելու] և 1,5 մետր հեռավորությունը պահպանելու անհրաժեշտությունը կմնա անցյալում», - նշել է NTK-ն։ «Կչեղարկվի նաև հնարավորության դեպքում տնից աշխատելու հանձնարարականը»։

Փետրվարի 18-ից սրճարանների, բարերի և ռեստորանների, ինչպես նաև մշակութային և զվարճանքի հաստատությունների փակման ժամ կսահմանվի 01:00-ն՝ 22:00-ի փոխարեն, իսկ մեկ շաբաթ անց բոլոր հաստատությունները կկարողանան վերադառնալ իրենց բնականոն աշխատանքային գրաֆիկին, որը եղել է մինչև համավարակը։

Անցյալում կմնան նաև սանիտարական անցաթղթերը, սակայն չի բացառվում, որ դրանք կպահանջվեն իրավիճակներում, երբ դրանց կիրառումն իմաստ ունենա։ Դրանք կարող են անհրաժեշտ լինել նաև արտասահմանյան ճանապարհորդությունների համար: Խոշոր զանգվածային միջոցառումների ժամանակ կսկսի գործել 1G համակարգը, որով մուտքը կթույլատրվի միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքով։

NTK-ի փոխանցմամբ՝ կառավարության որոշումը պայմանավորված է նրանով, որ համավարակն այլևս մեծ ճնշում չի գործադրում առողջապահության համակարգի վրա։

Սահմանափակումների վերացման մասին պաշտոնապես պետք է հայտարարվի երեքշաբթի օրը կայանալիք մամլո ասուլիսում։ Երկար ժամանակ անց առաջին անգամ դրան չի մասնակցի վարչապետ Մարկ Ռյուտեն, իսկ հիմնական խոսնակը կլինի առողջապահության, բարեկեցության և սպորտի նախարար Էռնստ Կայպերսը։