Բավ է պառակտվել
11-10-2019 13:33

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետին

 

2019թ խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին “Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության կարգավորման նախաձեռնության համար”: Այս մասին ուրբաթ հայտարարել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Բերիթ Ռայս-Անդերսենը։
“Նորվեգական նոբելյան կոմիտեն որոշում է կայացրել 2019 թ․խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին խաղաղության և միջազգային համագործակցության հասնելու ջանքերի և, մասնավորապես՝ հարևան Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության կարգավորման վճռական նախաձեռնության համար”,- ասել է Ռայս-Անդերսենը։ Նա շեշտել է, որ հանձնելով մրցանակը Աբիյ Ահմեդին Նոբելյան կոմիտեն նշել է նաև “Եթովպիայում, ինչպես նաև Արևելյան և Հյուսիս-արևելյան Աֆրիկայի տարածաշրջաններում հանուն խաղաղության և համերաշխության աշխատող բոլոր շահագրգիռ կողմերի” ներդրումը։
Աբիյ Ահմեդը դարձել է Եթովպիայի վարչապետ 2018թ ապրիլին։ Նա հայտարարել է, որ ցանկանում է վերսկսել խաղաղ բանակցություններն Էրիթրեայի հետ։ Սերտորեն համագործակցելով Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆվերքիի հետ Աբիյ Ահմեդը մշակել է խաղաղ համաձայնագրի սկզբունքները՝ երկու երկրները “ոչ պատերազմ, ոչ խաղաղություն” փակուղուց դուրս բերելու համար, պարզաբանել են Նոբելյան կոմիտեում։ Այդ սկզբունքները ներառված են հուշագրերում, որոնք վարչապետ Աբիյ Ահմեդը և նախագահ Աֆվերքին ստորագրել են նախորդ տարվա հուլիսին և սեպտեմբերին։ “Առաջխաղացման կարևոր նախադրյալ է հանդիսացել Աբիյ Ահմեդի անվերապահ պատրաստակամությունն ընդունել միջազգային սահմանային հանձնաժողովի 2002 թվականի արբիտրաժային վճիռը», - ընդգծվել է կոմիտեի որոշման մեջ:
“Խաղաղությունը չի ծագում մեկ կողմի գործողությունների արդյունքում։ Երբ վարչապետ Աբիյը ձեռք մեկնեց՝ նախագահ Աֆվերքին ընդունեց այն և օգնեց պաշտոնական բնույթ հաղորդել երկու երկրների միջև խաղաղության գործընթացին։ Նորվեգական Նոբելյան կոմիտեն հույս է հայտնում, որ խաղաղության համաձայնագիրը կօգնի դրական փոփոխությունների հասնել Եթովպիայի և Էրիթրեայի ամբողջ բնակչության համար”,- ասվել է մամլո հաղորդագրությունում։

Երկիրը հպարտ է իր վարչապետով

Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդի գրասենյակը ոգևորությամբ է արձագանքել մրցանակի մասին լուրերին:

“Մենք, որպես ազգ, հպարտ ենք Խաղաղության Նոբելյան մրցանակով”, - մեջբերել է գրասենյակի տարածած հաղորդարությունը Reuters գործակալությունն: ՛Այս հաղթանակը և ճանաչումը Եթովպիայի քաղաքացիների ընդհանուր հաղթանակ է: Դա կոչ է՝ ամրապնդելու Եթովպիան իր բոլոր բնակիչների համար բարեկեցիկ երկիր վերածելու մեր վճռականությունն”, - ընդգծվել է փաստաթղթում: