Բավ է պառակտվել
07-10-2016 12:21

Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահին

Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին՝ երկրի իշխանությունների և «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման (FARC) անդամների միջև կոնֆլիկտի լուծման փորձի համար:

Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը հայտարարվել է Օսլոյում ուրբաթ՝ հոկտեմբերի 7-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Կոլումբիայի իշխանությունները հաշտության պատմական համաձայնագիր էին կնքել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման անդամների հետ: Փաստաթղթի ստորագրումը տեղի էր ունեցել կոլումբիական Կարտախենա քաղաքում: Հայտնի է, որ պատմական փաստաթղթում իրենց ստորագրություններն էին դրել երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ու ապստամբների նախկին առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնյո Էչևերին: 

Նշվում է, որ հաշտության համաձայնագիրը կնքվել է 52 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո: Այդ ընթացքում զոհվել է 260.000 մարդ, ևս 6 մլն-ը ստիպված են եղել լքել իրենց տները:

2015 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է Թունիսում ազգային երկխոսության «քառյակին»։ «Քառյակը» ձևավորվել է 2013 թվականին՝ երկրի համար շրջադարձային պահին, երբ ժողովրդավարական արժեքները վտանգի տակ էին հայտնվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ստոկհոլմում հրապարակել է քիմիայի բնագավառում հեղինակավոր Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Գիտնականներին մրցանակը շնորհվել է «մոլեկուլյար մեքենաների նախագծման և սինթեզի համար»: