Բավ է պառակտվել
14-12-2024 23:51

Սիրիայի նոր առաջնորդն աշխարհին կոչ է արել միջամտել «իսրայելական էսկալացիային».

Դամասկոսում իշխանությունը վերահսկող զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, որը հայտնի է որպես Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանին, կոչ է արել միջազգային հանրությանը դադարեցնել «իսրայելական էսկալացիան» Սիրիայի տարածքում։ Այս մասին նա հայտարարել է Սիրիա հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ալ-Շարաան նշել է, որ «Իսրայելի փաստարկներն անհիմն են դարձել և չեն արդարացնում նրա վերջին գործողությունները»՝ մեղադրելով իսրայելական ուժերին Գոլանի բարձունքներում Սիրիայի հետ սահմանազատման գիծը խախտելու մեջ։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը «միջամտել և պատասխանատվություն ստանձնել շարունակվող էսկալացիայի համար»՝ ընդգծելով տարածաշրջանում իրավիճակը վերահսկելու և Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, դիվանագիտական ​​ուղիները մնում են կայունության և անվտանգության ապահովման միակ միջոցը։

Սիրիայի իշխանությունների ղեկավարը նաև նշել է, որ տարիներ շարունակ պատերազմ ապրած երկիրը պատրաստ չէ նոր հակամարտությունների։

Մինչդեռ դեկտեմբերի 8-ին իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գոլանի բարձունքներում գտնվող Հերմոն լեռնաշղթայի սիրիական կողմը՝ առանց դիմադրության հանդիպելու։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ 1974 թվականին Սիրիայի հետ ուժի բաշխման պայմանագիրն այլևս ուժի մեջ չէ, քանի որ սիրիական զորքերը լքել են տարածքը Դամասկոսում իշխանափոխությունից հետո: Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարձակումները Սիրիայում ռազմական օբյեկտների վրա։