Բավ է պառակտվել
04-08-2019 11:18

Շուրջ 20 մարդ է զոհվել Տեխասի առևտրի կենտրոնում արձակած կրակոցներից

Էլ Պասոյի (Տեխասի նահանգ) առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով զոհվել է 20 մարդ։ Այս մասին շաբաթ հայտարարել է Տեխաս նահանգի նահանգապետ Գրեգ Էբոթը CNN-ի կողմից հեռարձակվող մամլո ասուլիսի ժամանակ։

“Էլ Պասոյի 20 անմեղ բնակիչ զրկվել են կյանքից։ Շուրջ երկու տասնակ՝ վիրավորվել են”,- ասել է նա, հավելելով, որ “այս օրը դարձել է ամենաողբերգականը Տեխասի պատմության մեջ”։ Նահանգապետը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմինների աշխատակիցներին, ում հաջողվել է զինաթափել և ձերբակալել հարձակվողին։

Քաղաքի ոստիկանապետն, իր հերթին նշել է, որ կրակոցների արդյունքում վիրավորվել է 26 մարդ։ Նա հրաժարվել է ասել հարձակվողի անումը, հաստատելով ավելի վաղ հայտնված տեղեկությունն այն մասին, որ խոսքը գնում է Ալեն քաղաքի (Տեխասի նահանգ) բնակիչ, 21-ամյա սպիտակամորթ տղամարդու մասին։ Ըստ CNN-ի տվյալների, նրա անունն է Պատրիկ Կրուզիուս։ Ոստիկանապետը չի մեկնաբանել նաև ենթադրյալ հանցագործի՝ ԶԼՄ- ներում շրջանառվող լուսանկարը, որտեղ նա պատկերված է՝ AK-47 ինքնաձիգը ձեռքին։

Ավելի վաղ, Տեխաս նահանգի գլխավոր դատախազ Քեն Փաքստոնը մեկնաբանել էր ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ մինչև հարձակումը կասկածյալը սոցցանցերից մեկի իր էջում ծայրահեղական բովանդակության գրառում է տեղադրել։ “Այդ վրդովվեցուցիչ հրապարակումներն ինձ չեն զարմացնում <․․․>։ Կարծում եմ, որ դա կօգներ լույս սփռել այն հարցերի վրա, որոնց պատասխանները փորձում են ստանալ իրավապահ մարմինները հարցաքննության ընթացքում”,-ասել է Փաքստոնը, հավելելով, որ սոցցանցերում արված հրապարակումները կարող են օգնել հասկանալ հանցագործի շարժառիթները։