Բավ է պառակտվել
01-12-2018 14:14

ՄԱԿ-ը կանխատեսում է գլոբալ տաքացման նոր ռեկորդ

Ընթացիկ 2018թ․կարող է տեղ զբաղեցնել եղանակի և կլիմայի կանոնավոր դիտարկումների պատմության ընթացքում գրանցված ամենատաք տարիների քառյակում։

Այս մասին հինգշաբթի հայտնել է ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպություն հանդիսացող Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ)։

Ինչպես նշվել է “2018 թվականի կլիմայի վիճակի մասին նախնական հայտարարության մեջ”, 2018 թվականի 10 ամսվա ընթացքում մոլորակի միջին ջերմաստիճանը եղել է “0.98 ± 0.12 °C-ով” բարձր, քան 1850-1900 թվականների ընթացքում: Այսպիսով, ընթացիկ տարին դիտարկումների ընթացքում “ամենատաքերի ցուցակում չորրորդը դառնալու ճանապարհին է”: “Սա նշանակում է, որ չորս տարիները՝ 2015, 2016, 2017 և 2018 թվականներն ամենատաքն են, իսկ 2018 թվականը դրանցից ամենազովը, - պարզաբանել է ՀՕԿ-ը:

Փորձագետները նշել են, որ այս տարի “պահպանվում է տաքացման երկարատև միտումը”։ Ընդհանուր առմամբ, վերջին 22 տարվա ընթացքում օդերևութաբանները գրանցել են ամենատաք 20 տարին։ Այս կապակցությամբ ՀՕԿ հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվել “կյիմայի փոփոխության բացահայտ նշանների” վրա, ներառյալ՝ ծովի մակարդակի բարձրացումը, օվկիանոսի թթվայնացումը, ծովային սառույցների և սառցադաշտերի հալչելը։ Բացի այդ, բոլոր մայրցամաքներում “առկա են ծայրահեղ օդերևութաբանական երևույթների կործանարար հետքերը”։

“Կլիմայի փոփոխության և ջերմաստիճանի զսպման ոլորտներում նպատակներին հասնելու համար մենք ճիշտ ուղու վրա չենք”,- ասել է ՀՕԿ գլխավոր քարտուղար Փեթերի Թաալասը նոր տվյալների հրապարակման կապակցությամբ: “Ջերմոցային գազերի կենտրոնացումը կրկին հասել է ռեկորդային ցուցանիշների, և ներկայիս միտումը պահպանվելու դեպքում դարավերջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ 3-5 աստիճանով։ Եթե մենք շարունակենք օգտագործել հանքանյութային վառելիքի հայտնի բոլոր պաշարները՝ ջերմաստիճանը շատ ավելի կբարձրանա”, -եզրափակել է նա։