Բավ է պառակտվել
11-04-2019 15:23

WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կալանավորվել է Բրիտանիայում

Բրիտանական ոստիկանությունը կալանավորել է WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Այս մասին հայտնել է Reuters–ը։

“Այսօր` ապրիլի 11–ին, 47–ամյա Ջուլիան Ասանժը կալանավորվել է մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցների կողմից Էկվադորի դեսպանատանն”, – ասվել է հայտարարության մեջ։ Ֆորմալ առիթ է հանդիսացել նրա՝ դատարան չներկայանալու պատճառով, դեռևս 2012 թվականին տրված հրամանաթուղթ։

Նշվել է, որ իրավապահ մարմիններին դիվանագիտական առաքելության շենք է հրավիրել դեսպանը։ Մինչ այդ Էկվադորը հրաժարվել է շարունակել ապաստան տրամադրել WikiLeaks–ի հիմնադրին։ Ինպես տեղեկացվել է, ներկայումս նա գտնվում է կալանքի տակ Լոնդոնի կենտրոնում։

Ասանժն ապրել է բրիտանական մայրաքաղաքում գտնվող Էկվադորի դեսպանատանն ավելի քան վեց տարի։ Այդ ընթացքում իշխանությունները շուրջ 5 միլիոն դոլար են ծախսել նրա անվտանգությունն ապահովելու համար։

Ասանժը ապաստան է խնդրել 2012 թվականին՝ վախենալով, որ իրեն կհանձնեն Շվեդիային, որտեղ նրան բռնաբարության մեղադրանք է առաջադրվել։ 2017թ.–ի մայիսին քննությունը դադարեցվել է, սակայն Ասանժը շարունակում էր վախենալ, որ իրեն կհանձնեն Շվեդիայի իշխանություններին, քանի որ Ստոկհոլմը կհանձնի նրան ԱՄՆ–ին, որտեղ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար նրան կարող է մահապատիժ սպառնալ։