Բավ է պառակտվել
22-02-2014 18:42

Փարիզի Ռազմական Ակադեմիայում հոտնկայս հարգել են Գուրգեն Մարգարյանի հիշատակը

Փարիզի Ռազմական Ակադեմիայում փետրվարի 20-ին տեղի է ունեցել Ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա գտնվեցին Ֆրանսիայի նախկին ռազմիկների հարցերով լիազոր նախարար Կադեր Արիֆը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավար կազմը, Ֆրանսիայի հայկական և հրեական կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, բացման խոսքում նախարար Արիֆը ներկայացրել է Միսաք Մանուշյանի կենսագրությունը և նշել, որ Մանուշյանի խմբի մեծարման միջոցով Ֆրանսիան իր երախտիքն է հայտնում Ֆրանսիայի ազատության համար մարտնչած բոլոր կանանց և տղամարդկանց, որոնք ծնված լինելով օտար երկրներում դարձան այսպիսի մեծն ֆրանսիացիներ:

Իր հերթին դեսպան Չիտեչյանը, Մանուշյանի խմբի անդամներին բնութագրել է որպես «23 մահկանացու, որոնց սերն առ հայրենիք դարձրեց անմահ»: Խոսելով դիմադրության հերոսների մասին և վերհիշելով Մանուշյանի վերջին նամակի տողերն առ այն, որ նա չունի ատելություն գերմանացի ժողովրդի հանդեպ` Հայաստանի դեսպանը ընդգծել է, որ պայքարն արդար և արժանապատիվ է, երբ դրա գերագույն նպատակը կյանքեր փրկելն է, ոչ թե ատելությամբ կյանքեր խլելը:

Միջոցառման ընթացքում ներկաները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգել են 10 տարի առաջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակը:

Ռազմական Ակադեմիայում տեղի ունեցած միջոցառմանը հաջորդել է երեկոյան երթը դեպի Փարիզի Հաղթանակի Կամար, որտեղ Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել հավերժական կրակի բորբոքման արարողություն` ի նշան Մանուշյանի խմբի գնդակահարված անդամների հիշատակի: Հնչեցին հայերեն, եբրայերեն և ֆրանսերեն աղոթքներ: