Բավ է պառակտվել
13-07-2018 22:52

Փաշինյանը կոչ է արել բելգիահայերին վերադառնալ հայրենիք, իսկ գործարարներին` ներդրում կատարել ՀՀ–ում

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի:

Վարչապետին այստեղ դիմավորել են բելգիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ջերմորեն ողջունել են ՀՀ կառավարության ղեկավարին և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Դիմելով բելգիահայերին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ ցանկանում է խոսել Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության հիմնական իմաստի և հիմնական փոփոխության մասին:

«Այդ հեղափոխությանից առաջ շատերը, ովքեր ունեին դե յուրե ՀՀ քաղաքացիություն՝ ՀՀ-ում և նրանից դուրս, իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում, որովհետև Հայաստան ասելիս, Հայաստանի Հանրապետություն ասելիս, Հայաստանի Հանրապետության կառավարություն ասելիս նրանք համակվում էին զգացողությամբ, որ ցածրացնում էր այդ անձնագրի և քաղաքացիության արժեքը: Հեղափոխությունից հետո սա է մեր հիմնական ձեռքբերումը՝ անկախ նրանից՝ ամբողջ հայությունը դե յուրե ունի ՀՀ քաղաքացիություն, թե ոչ, իրեն համարում է ՀՀ հպարտ, արժանապատիվ և հաղթանակած քաղաքացի: Եվ ես ինձ լիազորված եմ զգում սրանից հետո աշխարհի յուրաքանչյուր անկյունում, աշխարհի յուրաքանչյուր ծայրում հայությանը, հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի դիմել այսպես՝ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դուք՝ բոլորդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ եք: Այս հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է՝ մեր հայրենիքը, ձեր հայրենիքը խլված էր և խլվում էր ձեզանից, մեր հայրենիքը, ձեր հայրենիքն այլևս վերադարձված է ձեզ և դուք եք բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ, որ մենք արձանագրենք. քաղաքական իրավիճակի, ընթացիկ իրավիճակի ամենակարևոր նրբությունը հետևյալն է՝ մեր հայրենիքը վերադարձված է ժողովրդին, ձեզնից յուրաքանչյուրին և մեր խնդիրն է՝ ամեն մեկս մեր դիրքում, ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս մեր կարողությունների չափով տեր լինել և տեր կանգնել այդ հայրենիքին: Սա է հիմնական առաքելությունը: Եվ ես ուզում եմ ևս մի կարևոր հանգամանք նշել. խոսվեց և ասվեց, որ բազմաթիվ հայեր իրենց համարում են այս քաղաքական գործընթացի ականատես և վկա», – նշել է վարչապետն ու ընդգծել, որ  հայության շրջանում չկա այս պրոցեսի ականատես ու վկա, որովհետև բոլորն այս պրոցեսի լիարժեք մասնակիցն են և բոլորն իրենց ուժերի չափով ներդրում ունեն այս հաղթանակի մեջ:

«Դուք՝ բոլորդ, այս հաղթանակի համահեղինակներն եք, որովհետև անհնար կլիներ այս հաղթանակն առանց ձեր ահռելի աջակցության: Այսօր շատերը, միջազգային գործընկերները խոստովանում են, որ չեն հասկանում, թե ինչպես կարող էր այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղի ունենալ: Նրանք ասում են, որ աշխարհի ոչ մի հետազոտական կենտրոն, ոչ մի վերլուծաբան, չէր կարող կանխատեսել, որ նման բան հնարավոր է Հայաստանում և նրանք խնդրում են բացատրել, թե ինչպես դա տեղի ունեցավ: Դա տեղի ունեցավ մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանում գտնվող հայերի, աշխարհի հայերի 95 և ավելի տոկոսը հստակ կանգնեց հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերում և կոռուպացված իշխանությունը պարզապես հասկացավ, որ դիմադրությունն անիմաստ է, դիմադրություն չի կարող լինել և ժողովրդի հաղթանակն անխուսափելի է», – նշել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, ժողովրդի հաղթանակն ու նրա առաջ անվերապահ և առանց նախապայմանի կապիտուլյացիան տեղի ունեցավ, որովհետև մեր ժողովուրդը միասնական էր քան երբևէ:

«Եվ այս միասնականությունը մենք պետք է շարունակենք օգտագործել որպես հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին շարունակական հաղթանակներ բերող վճռական գործոն: Դուք հաղթել եք և այդ հաղթանակը երբեք որևէ մեկը չի կարող խլել ձեր ձեռքերից: Եվ ուրեմն, մոտեցել է ժամանակը, եկել է ժամանակը, որ մենք՝ բոլորս, լինենք միասին, ապրենք իրար հետ Հայաստանի Հանրապետությունում, և մեր ուսերին կրենք մեր հայրենիքի հետագա հաղթանակների հզորացման, բարեկեցության և երջանկության բեռը: Եվ ես ձեզ կոչ եմ անում, ձեր ընտանիքներում ամեն օր, ամեն ճաշին խոսել Հայաստանում վերադառնալու մասին, կապ չունի դուք մի ամսից դա կանեք, թե մեկ տարուց, հինգ, թե 15 տարուց, բայց ձեր երեխաներն ամեն օր պետք է լսեն, որ ձեր նպատակը Հայաստան վերադառնալն է, Հայաստանում ապրելը, Հայաստանը հզորացնելն ու ծաղկեցնելը», – եզրափակել է ՀՀ վարչապետը։

Բացի այդ, Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայազգի գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության և այլ ոլորտներում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահը:

Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում, ինչպես նաև ԵԱՏՄ հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-բելգիական բիզնես կապերի շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն մեր երկրում բելգիական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը: