Բավ է պառակտվել
06-07-2020 16:03

Կիրիլ Պատրիարքը դեմ է արտահայտվել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն

Երկուշաբթի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին պահպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի թանգարանի կարգավիճակը:

Հիշեցնենք, որ Gisher.News-ը մինչ այդ գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է ուսումնասիրել Սոֆիան մզկիթի վերածելու հնարավորությունը:

«Հուսով եմ, որ Թուրքիայի ղեկավարությունը խոհեմ կգտնվի: Սուրբ Սոֆիայի՝ քրիստոնեական մշակույթի մեծագույն գլուխգործոցներից մեկի, աշխարհի միլիոնավոր քրիստոնյաների համար խորհրդանշական տաճարի ներկայիս չեզոք կարգավիճակի պահպանումը կնպաստի հետագայում Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացմանը, կամրապնդի միջկրոնական խաղաղությունն ու ներդաշնակությունն» - ասված է Կիրիլ Պատրիարքի հայտարարության մեջ:

Ռուս եկեղեցու առաջնորդը նշել է, որ Սուրբ Սոֆիան, որը կառուցվել է VI դարում Քրիստոս Փրկչի պատվին, մեծ նշանակություն ունի ամբողջ ուղղափառ աշխարհի համար և հատկապես թանկ է Ռուս Ուղղափառ եկեղեցու համար: «Մեծ իշխան Վլադիմիրի դեսպանները, մտնելով այս տաճարի շեմից ներս, գերվել են նրա երկնային գեղեցկությամբ: Լսելով նրանց պատմությունը` Սուրբ Վլադիմիրը մկրտվել է և մկրտել Ռուսաստանը, որը դրանից հետո մուտք է գործել իր համար նոր հոգևոր և պատմական իրականություն` քրիստոնեական քաղաքակրթություն», - հիշեցրել է Պատրիարքը:

«Սերնդեսերունդ մեզ փոխանցվել է հիացմունքն այդ քաղաքակրթության ձեռբերումներով, որի մասն եք այսօր մենք», - հավելել է նա ։ - Եվ Սուրբ Սոֆիան եղել և մնում է դրա ակնածանքով պաշտվող խորհրդանիշներից մեկը: Տաճարի կերպարը մտել է մեր մշակույթ ու պատմություն: Այն ուժ է տվել և ոգեշնչել մեր ճարտարապետներին Կիևում, Նովգորոդում, Պոլոցկում՝ Հին Ռուսաստանի հոգևոր ձևավորման բոլոր հիմնական կենտրոններում»:

Պատրիարքը խոստովանել է, որ Ռուսաստանի և Կոստանդնուպոլսի միջև հարաբերությունների պատմության մեջ եղել են տարբեր, երբեմն՝ շատ բարդ ժամանակաշրջաններ, բայց «ռուս ժողովուրդը, ինչպես նախկինում, այնպես և այժմ ցավով և ցասումով է ընկալել և ընկալում Կոնստանդնուպոլսի եկեղեցու հազարամյա հոգևոր ժառանգությունը նվաստացնելու կամ ոտնահարելու ցանկացած փորձ»:

«Սուրբ Սոֆիայի սպառնալիքը սպառնալիք է քրիստոնեական ողջ քաղաքակրթության համար է սպառնալիք, այսինքն՝ մեր հոգևորականության ու պատմության համար։ Մինչև օրս էլ յուրաքանչյուր ռուս ուղղափառի համար Սուրբ Սոֆիան քրիստոնեական մեծ սրբավայր է։ Ցանկացած քաղաքակիրթ պետության պարտքն է պահպանել հավասարակշռությունը, հաշտեցնել հասարակության շրջանում եղած հակասությունները, ոչ թե սրել դրանք, նպաստել մարդկանց միավորմանը, ոչ թե բաժանմանը»,- նշել է Պատրիարքը։

Հիշեցնելով, որ այսօր Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, նա կոչ է արել հաշվի առնել, որ Ռուսաստանը երկիր է, որի բնակչության մեծամասնությունն ուղղափառ է։ «Եվ այն, ինչ կարող է կատարվել Սուրբ Սոֆիայի հետ մեծ ցավ կպատճառի ռուս ժողովրդին», - ասել է Ռուսաստանի հոգևոր ղեկավարը:

Քննարկումներ Սուրբ Սոֆիայի շուրջ

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ քննարկումները հերթական անգամ ծավալվեցին այն բանից հետո, երբ մայիսի 29-ին՝ Կոստանդնուպոլսի անկման հերթական տարելիցին տաճարում ընթերցվեց Ղուրանը: Մեկ շաբաթ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարեց ուսումնասիրել Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հնարավորությունը:

Ավելի ուշ արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը կողմ արտահայտվեց տաճարը մզկիթի վերածելու գաղափարին, նրան հետևեց նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Իր հերթին, Թուրքիայի հայոց պատրիարք Սաակ II-ն առաջարկել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը աղոթավայր ծառայի ինչպես քրիստոնյաների, այնպես էլ՝ մահմեդականների համար։ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն դեմ են արտահայտվել Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները և բարձրաստիճան դիվանագետներն, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Սուրբ Սոֆիան թանգարանի կարգավիճակ է ստացել 1934 թվականին Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի որոշմամբ։ 1985 թվականից տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Մինչդեռ նախորդ հինգշաբթի, հուլիսի 2-ին, թուրքիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է փոխվել նախագահական հրամանագրով։ իսկ այսօր այդ հարցը քննարկել է երկրի պետական խորհուրդը, որն իր եզրակացությունը կհրապարակի առաջիկա 15 օրվա ընթացքում։