Բավ է պառակտվել
30-12-2019 11:36

Մինչև 2030 թվականը ԱՄՆ բնակիչների կեսը կտառապի ճարպակալմամբ

Միացյալ Նահանգներում ճարպակալման խնդիրը գնալով տարածվում է, և մինչև 2030 թվականը երկրի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ զգալի ավելորդ քաշ կունենա: Այս մասին կիրակի հաղորդել է Bloomberg-ը: Ըստ ներկայացված տվյալների, “Ամերիկայում ճարպակալման խնդիրը շատ ավելի լուրջ է, քան թվում է”, և 10 տարի անց երկրի բնակչության 25%-ի մոտ կախտորոշվի “ծանր աստիճանի ճարպակալում”:

Որպես այս միտման հիմնական պատճառ մասնագետները նշում են նստակյաց կենսակերպը և քաղցր ուտելիքների, ինչպես նաև վերամշակված սննդի լայն հասանելիություն: Շատ ամերիկացիների համար, նշել է գործակալությունը, այլընտրանքային առողջ սննդակարգն անթույլատրելի շքեղություն է:

Ճարպակալումը մեծացնում է առողջական լուրջ խնդիրների հավանականությունը: Այն կարող է հանգեցնել շաքարախտի, սրտային և անոթային հիվանդությունների: Բացի այդ, Տեխասի Օսթինի և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանների գիտնականների կարծիքով՝ հղիության ընթացքում ավելցուկ քաշը կամ ճարպակալումը կարող են բացասաբար ազդել երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացման վրա: Ներկայումս, ըստ վերջին տվյալների, չափահաս ամերիկացիների մոտ 40% -ը ավելցուկ քաշ ունի:

Սեպտեմբերին Պենտագոնը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը առաջին տեղն են գրավել երկրի Զինված ուժերի ցանկում ՝ մարտական անձնակազմի շրջանում ավելցուկ քաշի տարածվածության առումով: Ամերիկյան ՌԾՈւ յուրաքանչյուր հինգերորդ նավաստու մոտ հայտնաբերվել է ճարպակալում՝ 22%, ինչը գերազանցում է ընդհանուր առմամբ ԶՈւ միջին ցուցանիշը: New York Times թերթը նշում է, որ երկրի Զինված ուժերում ավելցուկ քաշի հետ կապված իրավիճակը վատթարանում է ամեն տարի: Այսպես, 2011 թվականից ՌԾ ուժերում ճարպակալման ինդեքսն աճել է վեց անգամ, ԶՈւ մյուս տիպերում՝ երկու և ավելի անգամ:

Մինչև 2030 թվականը կայուն զարգացման նպատակների իրականացման ըմթացքի մասին ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի զեկույցում նշվել է, որ գնալով ավելանում է ավելորդ քաշ ունեցողների թիվը տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների, ներառյալ՝ մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում։ Ավելորդ քաշ ունեցող մարդկանց ամենամեծ քանակը գրանցվել է Հյուսիսային Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում: