Բավ է պառակտվել
26-10-2016 09:39

Ղրղզստանի կառավարությունը պաշտոնաթող է արվել

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հրամանագիր է ստորագրել երկրի կառավարության պաշտոնաթողության մասին: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Որոշումը պայմանավորված է խորհրդարանական կոալիցիայի կարգավիճակը կորցնելու վերաբերյալ հայտարարությամբ. կոալիցիան կազմվել էր պատգամավորական չորս խմբակցությունների համաձայնագրով: Հրամանագրի համաձայն՝ վարչապետի, փոխվարչապետի, կառավարության անդամների եւ վարչական գերատեսչությունների ղեկավարների պաշտոնները զբաղեցնող անձանց հանձնարարվել է շարունակել պարտականությունների կատարումը մինչեւ կառավարության նոր կազմի նշանակումը:

Այսօր՝ ավելի վաղ խորհրդարանի նիստում խորհրդարանական մեծամասնության ղեկավար, «Ղրղզստան» խմբակցության առաջնորդ Կանատ Իսաեւը հայտարարել է, որ «խորհրդարանական մեծամասնության կոալիցիան իր կարգավիճակը կորցրել է հոկտեմբերի 24-ին իր կազմից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության դուրս գալու պատճառով»: Նա ընդգծել է, որ այդպիսով չորս խմբակցությունների ղեկավարների միջեւ ստորագրված համաձայնագիրը դադարել է գործել

Իշխող Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը խորհրդարանական կոալիցիայի կազմից դուրս է եկել հոկտեմբերի 24-ին: Կուսակցությունը մյուս խմբակցությունների անդամներին մեղադրել է նախկին նախագահներ Ասկար Ակաեւի եւ Կուրմանբեկ Բակիեւի հետ կապեր ունենալու մեջ: