Բավ է պառակտվել
15-01-2020 15:18

Համաշխարհային օվկիանոսի ռեկորդային տաքացումը կարող է աղետալի սպառնալիքներ ունենալ մոլորակի համար. կլիմատոլոգներ

Գիտնականների միջազգային խումբը ահազանգում է. Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ռեկորդային նիշերի: Սա ոչ միայն սպառնում է ձկներին, այլև կարող է առաջացնել ծայրահեղ եղանակային երևույթներ՝ մոլորակի համար աղետալի հետևանքներով :

Կլիմայի փոփոխության պատճառով օվկիանոսների տաքացումը արագանում է․այս մասին նախազգուշացնում են 14 գիտնականներ տարբեր երկրների 11 ինստիտուտից:

Համաձայն Atmospheric Scientist Advances ամսագրում վերջերս հրապարակված ուսումնասիրության՝ օվկիանոսի միջին ջերմաստիճանը 0.075 աստիճանով բարձր է 1981-2010 թվականների միջին ցուցանիշից:

Չնայած բարձրացումն աննշան է թվում, դա ամբողջ օվկիանոսով տարածվող ջերմության հսկայական քանակություն է։ Ըստ գիտնականների, օվկիանոսները վերջին 25 տարվա ընթացքում կլանել են այնքան շատ էներգիա, որը մոտավորապես հավասար է Հիրոսիմայի վրա նետված շուրջ 3,6 միլիարդ ատոմային ռումբի պայթյունների:

Չինական գիտությունների ակադեմիայի մթնոլորտային ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Չեն Լիջինի հեղինակած ուսումնասիրության մեջ նշվել է, որ գիտնականներն օգտագործել են համեմատաբար նոր մեթոդներ՝ տասնամյակների ընթացքում 2000մ խորության վրա ջրի ջերմաստիճանի բարձրացման վերաբերյալ տվյալներն ամփոփելու համար: Պարզվել է, որ 2019 թվականին ջրի ջերմաստիճանը հասել է երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշին։

“Որպեսզի հասկանանք գլոբալ տաքացման աստիճանը, պետք է հետևել, թե ինչպես է փոխվել Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանն”, - ասում է հետազոտության համահեղինակներից մեկը` Ջոն Աբրահամը: 1970 թվականից ի վեր մարդկային գործունեության պատճառով ավելցուկային ջերմության ավելի քան 90% -ն անցել է օվկիանոսներ, և միայն 4% -ը ՝ ցամաք և մթնոլորտ:

“Գլոբալ տաքացումը իրական է, այն արագացել է, և չի թուլանում: Եթե մենք որևէ նշանակալի և արագ քայլեր չձեռնարկենք՝ դա իսկապես սարսափելի նորություն է, - ասել է Աբրահամը: - Մենք կարող ենք օգտագործել մեր էներգիան ավելի խելացիորեն, և մենք ի զորու ենք նվազեցնել այս խնդիրը”:

Այնուամենայնիվ, հետազոտողների կարծիքով՝ Համաշխարհային օվկիանոսին երկար ժամանակ կպահանջվի փոփոխություններին արձագանքելու համար:

“Օվկիանոսի տաքացումը շարունակվում է, նույնիսկ եթե մակերևութային օդի գլոբալ ջերմաստիճանը կանգ առնի երկու կամ ավելի ցածր աստիճանի վրա, - ասվում է հոդվածում: - Այնուամենայնիվ, օվկիանոսի տաքացման տեմպը և աստիճանը և դրա հետ կապված ռիսկերը կնվազեն, եթե հնարավոր լինի նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները”: