Բավ է պառակտվել
18-11-2016 06:48

Ռուսաց լեզուն պետք է օրենսդրական կարգավիճակ ստանա նախկին ԽՍՀՄ երկրներում

Ռուսերենը նախկին Խորհրդային միության անդամ երկրներում պիտի օրենդրական կարգավիճակ ստանա: Այդ մասին է հայտարարել ռուսաստանցի դիվանագետ, ՌԴ ԱԳՆ հատուկ գործերով բանագնաց Էլեոնորա Միտրոֆանովան` ելույթ ունենալով Ռուսաստանի լեզվական քաղաքականությանը և աշխարհում ռուսաց լեզվի վիճակին նվիրված կլոր սեղանի ընթացքում։

«Ռուսաց լեզվի կարգավիճակի հարցում աշխարհում մի շարք խնդիրներ կան, մասնավորապես, առաջին պլան է մղվում ռուսերենի կարգավիճակի հարցը մերձավոր արտերկրում,– նշել է նա։ – Ռուսաց լեզվի զարգացումը և որոշակի կարգավիճակի իրավական ամրագրումը մեր հարևանների սահմանադրություններում և կիրառման մեջ մեր առաջնահերթ խնդիրն է»։

Միտրոֆանովայի խոսքով, երիտասարդությունը մոռանում է ռուսերենը: «ԱՊՀ երկրների 138 մլն բնակչությունից ռուսերեն է խոսում միայն 61 մլն-ը, 36.9 մլն-ը պասիվ կրող է, 35.6 մլն-ը լեզվին չի տիրապետում», - ասել է նա։ Ըստ նրա, նկատվում է ռուսերենի խտրականություն, այդ թվում` կրթության ոլորտում։

Որպես օրինակ Միտրոֆանովան բերել է ֆրանկոֆոնիայի միությունը: Դիվանագետը նշել է, որ ռուսերենի առաջխաղացումը հեշտ գործ չէ, սակայն այդ ուղղությամբ շարժվել է պետք:

Խորհրդային ժամանակաշրջանում ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ուներ բոլոր միութենական հանրապետություններում, բացի Հայաստանի ու Վրաստանի ԽՍՀ-ներից: