Բավ է պառակտվել
04-07-2020 13:05

Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով կտարհանվի ավելի քան 200 հազ. մարդ (տեսանյութ)

 

Շաբաթ օրն ավելի քան 200 հազար մարդ ստացել է տարհանման հրահանգ, հաղորդել է Kyodo գործակալությունը: Հրահանգը ստացել են Կումամոտոյի և Կագոշիմայի պրեֆեկտուրաների բնակիչները, որտեղ հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ, ինչը ենթադրում է, որ առկա է անմիջական սպառնալիք մարդկանց կյանքի համար: Ըստ վերջին տեղեկությունների՝ գետերի վարարումների պատճառով հեղեղված Ակիշիտա բնակավայրում (Կումամոտոյի պրեֆեկտուրա) անհայտ կորած է համարվում առնվազն 13 մարդ:

Ըստ Kyushu Electric Power էներգետիկ ընկերության, հորդառատ անձրևների պատճառով Կումամոտո պրեֆեկտուրայում հոսանքազրկվել է շուրջ 9000 տուն։

Վարչապետ Սինձո Աբեի գրասենյակին կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ, որը հավաքում և վերլուծում է ստացվող տեղեկատվությունը: Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունն ընդգծել է երկրի հարավ-արևմուտքում տեղացող անձրևների աննախադեպ ուժգնությունը։ Այսպես, Կումամոտոյի պրեֆեկտուրայի որոշ շրջաններում մեկ օրում տեղումների քանակը կազմել է 479,5 մմ ։

Զինվորականների օգնությունը

Ճապոնիայի իշխանությունները 10 հազար զինվորական են ուղարկել երկրի հարավ-արևմուտք` աջակցելու տեղական փրկարար ծառայություններին բնակչության տարհանման աշխատանքներում և աղետի հետևանքների դեմ պայքարում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Սինձո Աբեն:

“Աղետի գոտի է մեկնում 10 հազար զինվորական”, - հայտարարել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ Տարրերային աղետների կառավարման հարցերով նախարար Ռյոտա Տակեդան նույնպես մեկնում է երկրի հարավ-արևմուտք: Սինձո Աբեն շեշտել է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման պահպանվող սպառնալիքը, տարհանման բոլոր կենտրոններում, որտեղ կբնակեցվեն տուժած տարածքների բնակիչները, կպահպանվեն խիստ նախազգուշական միջոցներ:

Ըստ Kyodo գործակալության՝ Կումամոտոյի պրեֆեկտուրայի Ցունակի փոքր գյուղում սողանք է տեղի ունեցել: Նեերկայիս պահին փլատակների տակից դուրս է բերվել երկու անձ, որոնք գտնվում են կլինիկական մահվան վիճակում։