Բավ է պառակտվել
18-03-2019 18:29

Իսրայելի վարչապետի որդին հիշեցրել է Էրդողանին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին

 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիան իրականացրել է հույների, ասորիների և հայերի ցեղասպանությունը։

”Ես նաև կհիշեցնեմ նրան ցեղասպանության մասին, որը Թուրքիան իրականացրել է հույների, ասորիների և հայերի նկատմամբ։ Նրանք իրականացրել են Փոքր Ասիայի բոլոր քրիստոնյաների էթնիկ զտում”,– դիմել է Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Էրդողանին։

Իր հրապարակման մեջ նա նաև նշել է, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս, որը նախքան թուրքական օկուպացիան հազար տարուց ավելի եղել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը։

Յաիր Նեթանյահուի հրապարակումը հայտնվել է ի աջակցություն նրա հոր թվիթերյան գրանցման, որում վերջինս Էրդողանին բռնապետ է անվանել։

Առաջին անգամ չէ, որ Յաիր Նեթանյահուն հիշել է Հայոց ցեղասպանության մասին։ Նախորդ անգամ նա այդ թեմային անդրադարձել է անցյալ տարվա մայիսին։

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայերի ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ պետությունների կողմից։ Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լեբանոնը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, ԱՄՆ 48 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաև Վատիկանի, Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից: