Բավ է պառակտվել
10-11-2018 13:31

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները փրկել են Կարբիի ձորում թակարդն ընկած գորշ արջին

Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի (FPWC) աշխատակիցները փրկել են Արագածոտնի մարզի Կարբիի ձորում թակարդն ընկած գորշ արջին։ Այդ մասին տեղեկացրել են կենդանաբանական այգում։

Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, թակարդը հյուսված է եղել մետաղաձողերից։ Գորշ արջը կարողացել է հաղթահարել մետաղաձողերի առաջին շարքը, սակայն խճճված է մնացել երկրորդում։

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքերով, թակարդի օղակը, բարեբախտաբար, հայտնվել է գազանի կողոսկրների հատվածում, այլ ոչ՝ կոկորդի, հակառակ դեպքում նա կխեղդվեր։

Մասնագետները ստիպված քնացրել են արջին կարճ ժամանակով և նոր միայն կարողացել են մոտենալ նրան, կտրել ձողերը և լիովին ազատել բանտարկյալին: Այնուհետև նրանք հեռացել են անվտանգ հեռավորության վրա՝ սպասելով գազանի արթնանալուն, և հեռացել են այնտեղից։