Բավ է պառակտվել
22-06-2020 23:05

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ընդունել է Հայաստանի առաջարկած Ցեղասպանության կանխարգելման բանաձևը

Հունիսի 22-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը (Resolution on prevention of genocide), տեղեկացրել է հայկական արտաքին գերատեսչության մամլո ծառայությունը։

Հայաստանի կողմից ավանդաբար ներկայացվող փաստաթուղթը հիմնվում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի տրամաբանության վրա: Բանաձևը վերահաստատում է Կոնվենցիայի այն դրույթը, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը:

Բանաձևը համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռում է ցեղասպանության հանցագործության վտանգի և ժամանակակից աշխարհում այս հանցագործության կրկնումը բացառելու գաղափարի վրա՝ ընդգծելով այդ սոսկալի հանցագործության վերացման ուղղությամբ պետությունների միասնական ջանքերի անհրաժեշտությունը:
2020 թվականին Հայաստանի կողմից ներկայացված բանաձևը ևս մեկ անգամ վերահաստատում է այն գաղափարը, որ անցյալում գործած ցեղասպանությունների արդարացումը կամ դրանց ժխտումը կարող են հանգեցնել նոր բռնությունների:
Փաստաթղթի թարմացված տեքստը ներառել է բազմաթիվ նոր դրույթներ. ընդգծվել է, որ ցեղասպանության վտանգ կա այն երկրներում, որտեղ զանգվածային կերպով խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում, հետապնդվում են էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական փոքրամասնությունները: Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել ցեղասպանության այնպիսի վաղ ազդակների վրա, ինչպիսին են քաղաքական գործիչների կողմից նշված խմբերի հանդեպ ատելության խոսքի տարածումն ու նրանց իրական կերպարի աղավաղումը: Նշվել է նաև ազգային, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների մշակութային և հոգևոր ժառանգության ու պատմական հուշարձանների պահպանման կարևորությունը:
Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության կանխարգելման հիմնական տարրերից է անցյալում գործած ցեղասպանությունների մասին ուսուցումը և զոհերի հիշատակի հարգումը։ Ընդգծվել է անցյալում գործած ցեղասպանությունների հետ կապված վկայությունների ու արխիվային նյութերի պահպանման անհրաժեշտությունը:
Հայաստանի կողմից առաջադրված բանաձևն արտացոլում է խնդրի վերաբերյալ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներն ու համահունչ է ՄԱԿ-ի կողմից նախանշված գերակայություններին:
Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդի ընտրված անդամ է 2020-2022 թվականների համար և որպես Խորհրդի անդամ, իր գերակայությունների թվում նշել է, որ նպաստելու է ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին՝ ազգային և միջազգային մեխանիզմների ամրապնդման միջոցով:
Հայաստանի կողմից ձեռնարկվող այս քայլերը սերտորեն փոխկապակցված են Հայոց ցեղասպանության ընդունման և դրա ժխտողականության դեմ պայքարի հետ։