Աշխարհի առաջին փայտե արբանյակը, որը ստեղծվել է Ճապոնիայում, տիեզերք է արձակվել ամերիկյան SpaceX ընկերության առաքելության շրջանակներում։ LignoSat կոչվող արբանյակը, որը մշակվել է Կիոտոյի համալսարանի մասնագետների կողմից, կհասցվի Միջազգային տիեզերակայան (ISS), որտեղից այն ուղեծիր դուրս կգա Երկրից մոտ 400 կմ բարձրության վրա։ Reuters-ի փոխանցմամբ՝ առաքելության նպատակն է ցուցադրել տիեզերքում վերականգնվող նյութերի օգտագործման հնարավորությունները։
Տիեզերագնաց և Կիոտոյի համալսարանի հետազոտող Տակաո Դոյի խոսքերով, փայտը որպես նյութ կարող է նոր հեռանկարներ բացել տիեզերքում շինարարության համար: Նա նշել է, որ փայտե նյութերը կարող են օգնել ստեղծել դիմացկուն կառույցներ, որոնք կարող են օգտագործվել բնակարանային և արտաքին տիեզերքում աշխատելու համար: Դոյն ու նրա թիմը նախատեսում են առաջիկա տասնամյակների ընթացքում ծառեր տնկել և փայտե տներ կառուցել Լուսնի և Մարսի վրա՝ ընդգծելով, թե ինչպես փայտե արբանյակները կարող են ապագայում դառնալ տիեզերական արդյունաբերության նոր նորմ:
Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Կոջի Մուրատան ավելացրեց, որ փայտը, ամենայն հավանականությամբ, շատ դիմացկուն կլինի տիեզերական պայմաններում, քանի որ չկան քայքայման գործոններ, ինչպիսիք են ջուրը և թթվածինը: