Բավ է պառակտվել
06-01-2020 12:39

Թեհրանը պաշտոնապես դուրս է եկել միջուկային գործարքից

Կիրակի երեկոյան Իրանը հայտարարել է, որ կատարել է հինգերորդ՝ վերջին քայլը իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմաններից հրաժարվելու հարցում։

“Իրանը վերջնականապես կհրաժարվի միջուկային գործարքի սահմանափակումերից, առաջին հերթին՝ ցենտրիֆուգների քանակի հետ կապված։ Այսպիսով, իրանական միջուկային ծրագիրը չի ունենա որևէ սահմանափակում արտադրության տեսանկյունից, ներառյալ հարստացման կարողությունները, հարստացված ուրանի տոկոսային հարաբերակցությունն ու քանակն, ինչպես նաև այս ոլորտում կատարված հետազոտությունները և ծրագրի հետագա զարգացումը”,- ասվել է երկրի կառավարության հայտարարության մեջ:

Նշվել է, որ Իրանը կշարունակի համագործակցել ԱԷՄԳ-ի հետ և պատրաստ է վերադառնալ իր պարտավորություններին, եթե հանվեն պատժամիջոցները և կերաշխավորվի, որ Իրանի շահերը հաշվի կառնվեն։

Ավելի վաղ հայտնվել էր, որ Իրանի ԱԳՆ-ն կիրակի երեկոյան կորոշի, թե որն է լինելու ԳՀՀԾ պարտավորություններից հրաժարվելու հինգերերդ քայլը։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Թեհրանը չի հրաժարվում շարունակել բանակցությունները ԳՀՀԾ-ն ստորագրած “հնգյակի” հետ, այնուամենայնիվ, մինչ այդ պետք է հասնի նրան, որ ԱՄՆ-ը պատասխան տա իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար:

ԳՀՀԾ-ն ստորագրվել է ԻԻՀ և “վեցյակի” կողմից 2015թ, սակայն 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց գործարքից դուրս գալու և Իրանի նկատմամբ կոշտ տնտեսական պատժամիջոցները վերականգնելու մասին։ Դրա հետևանքով Թեհրանը սկսեց փուլ առ փուլ կրճատել գործարքի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները։
Ուրբաթ օրը հայտնի դարձավ Բաղդադում Սուլեյմանիի և Իրաքի շիա աշխարհազորայինների հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի մահվան մասին: Նրանց վերացնելու գործողությունը Իրաքում իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը ՝ նախագահ Թրամփի կարգադրությամբ:
Ավելի ուշ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացավ, որ վրեժխնդիր կլինեն Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար: